Միշտ տհաճություն եմ զգացել կեղծ բաներից՝ լինի դա կեղծ հայրենասիրություն, ընկերություն, հյուրասիրություն և այլն և այլն: Միշտ նախընտրել եմ դիմացինի դեմքին ճշմարիտն ասելու ուղին՝ որքան էլ այն հղի լինի տհաճ հետևանքներով: Գնահատել եմ միշտ իրականն ու ճշմարիտը՝ նույնիսկ բաժակաճառ ասելուց/լսելուց: Փորձել եմ նույնը կիրառել սեփական անձի նկատմամբ, և սեփական խնդիրները տեսնել իմ մեջ ու ուրիշներին մեղադրելու փոխարեն լծվել դրանց հաղթահարմանը՝ եթե նույնիսկ դրա համար պահանջվեր ինքս ինձ վերափոխելու ծանրագույն ճանապարհը: Դժվար է ասել, թե որքանով է դա ինձ հաջողվել՝ ավելի ճիշտ դա կարող է վկայել մեկ ուրիշը: Բայց մնում եմ այն համոզմանը, որ դա է միակ ուղին, և որ նույնն է հանրության մակարդակով մեր խնդիրները լուծելու ճանապարհը: Կկարողանանք անել՝ կվերափոխվենք, չենք կարողանա՝ կվերանանք որպես հանրություն:
Վախթանգ Սիրադեղյան