Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը անդրադառնալով Յուվեցի Կարոյի փեսայի հետ տեղի ունեցած միջադեպին (Գոռը, ով մամուլում ներկայացվում է որպես Յուվեցի Կարոյի փեսա, իրականում բավականին սոլիդ և հարգված երիտասարդ է Երևանում, և ես համամիտ չեմ, որ նա անընդհատ ներկայացվում է որպես ինչ-որ մեկի փեսա)՝ ասել էր, որ ինքը ևս զենք կգործադրեր:
Իսկ այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով այդ խնդրին՝ հայտարարեց, որ ինքը խաղաղությամբ կհարթեր այդ միջադեպը: Նախկին և ներկա ոստիկանապետերի գնահատականը նույն խնդրին ցույց է տալիս նրանց մտածողությունների տարբերությունը, և դա է պատճառը, որ նախկինում մարդկանց ոստիկանության բաժանմունքներում ծեծում և խոշտանգում էին, իսկ այսօր՝ ոչ: Դա է պատճառը, որ այսօր ոստիկանությունն արմատապես փոխվել է, դա է պատճառը, որ այսօր օլիգարխներն ու օրենքով ապրել չցանկացող բաշիբոզուկնեը պայքարում են Վլադիմիր Գասպարյանի դեմ և լուրեր են տարածում, թե Վլադիմիր Գասպարյանին ազատելու են աշխատանքից: Հասարակությունը Վլադիմիր Գասպարյանին հարգում է, որովհետև նա էլ պաշտպանում և հարգում է հասարակությանը: Մեզ նման մտածողության տեր պետական գործիչներ են պետք, այլ ոչ այս տեսակի դեմ պայքարող բաշիբոզուկներ:
Հ.Գ. Այսօր հայոց պետականության վերականգնման օրն է, և ես այս տոնի առթիվ շնորհավորում եմ պետականությունն իրենց սրտում կրող մարդկանց և վստահ եմ, որ մենք ապագայում այլևս չենք պայքարելու պետականությունը վերականգնելու համար:
Թող Աստված պահպանի Հայաստանն ու հայերին:

 

 

Մենուա Հարությունյան