Օբյեկտիվ զուգահեռներ Սիրիայի և Ուկրաինայի նախագահական ընտրությունների միջև Ճանաչելով Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները՝ Ռուսաստանը ցանկանում է նաև օրինակ ծառայել Արևմուտքի համար՝ նման դիրքորոշում որդեգրել Սիրիայում անցկացվելիք ընտրական գործընթացի հարցում:


Սահմանադրականության տեսանկյունից, ինչ խոսք, Սիրիայի նախագահի ընտրություններն առավել օրինական են. այսինքն դրանք, ի տարբերություն Ուկրաինայի, անցկացվում են այդ երկրի ընտրական օրենքով նախատեսված ժամկետներում, իսկ ուկրաինական տարբերակով իշխանափոխության սցենարն էլ արդեն ավելի քան 3 տարի Սիրիայում չի հաջողում:

Միակ ու կարևորագույն խոչընդոտը Արաբական Հանրապետության տարածքում ներքին զինված հակամարտության առկայությունն է, երկրի փաստացի մասնատվածության հանգամանքը. բայց չէ՞ որ Ուկրաինայում ևս ընտրական գործընթացը չընդգրկեց երկրի ամբողջ տարածքը:


Իսկ ամենաէական տարբերությունն, ըստ էության, երկու երկրների ընտրական գործընթացների նկատմամբ Բաշար ալ-Ասադի ներքին ու արտաքին ընդդիմադիրների և հովանավորների ունեցած մոտեցումների հակասականությունն է: Եթե Ուկրաինայում նման ընտրությունների անցկացումը դիտարկվում էր որպես ստեղծված ճգնաժամից դուրս գալու առանցքային տարբերակ, ապա Սիրիայի դեպքում՝ ճիշտ հակառակն է. ըստ ալ-Ասադի հակառակորդների՝ ընտրական գործընթացը խոչընդոտում է սիրիական հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծմանը նվիրված հիմնական՝ «ժնևյան» գործընթացին, որն, ըստ էության, ներկայում փակուղում է, փաստացի չի գործում: Եվ այս պարագայում սիրիական ընտրությունները, փաստորեն, ոչ թե իրավիճակը փրկելու միտում ունեն, այլ ընդամենը՝ առկա ստատուս քվոն պահպանելու: Չէ՞ որ, նման իրավիճկում, սիրիական իշխանությունների համար էական այլընտրանքային քայլ գոյություն չունի: Եթե չանցկացվեն ընտրությունները, ապա Բաշար ալ-Ասադն արդեն լեգիտիմության խնդիր է ունենալու, և նրա հասցեին հնչող տարաբնույթ մեղադրանքներին ավելանլու է ևս մեկը՝ արդեն փաստացի ապօրինի կերպով կառավարելու իրողությունը:

 

 

Արմեն Պետրոսյան