2008 թվականի Մարտի 2-ից՝ մեկ տարի չորս ամիս անցկացրի ընդհատակում: Վերջերս հաշվեցի, որ ընդհատակյա այս կամ այն ժամանակահատվածում իմ տեղն իմացած մարդկանց հանրագումարը հասել է 60-ի:
Սա հզորագույն հոգեւոր լիցք է ինձ համար՝ 60 հոգի, եւ ոչ մի տեղեկատվական արտահոսք: 60 մարդ, ում անվերապահ կարող եմ վստահել՝ նույնիսկ կյանքս:
2009 թվականի հուլիսի 1-ին դուրս եկա ընդհատակից, այցելեցի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ եւ ձերբակալվեցի, ապա դատապարտվեցի 7 տարվա ազատազրկման: Մեկ տարի 11 ամիս անցկացրի անազատության մեջ եւ համաներմամբ ազատ արձակվեցի 2011 թվականի մայիսի 27-ին:
Իմ վերադարձը տեւեց ուղիղ երեք տարի երեք ամիս:
Այս ամենը շարադրում եմ մեկ նպատակով. ուզում եմ ասել՝ շնորհակալություն:
Շնորհակալություն՝ ընդհատակի իմ պահապան հրեշտակներին:
Շնորհակալություն նրանց, ովքեր պայքարել են հանուն իմ քաղբանտարկյալ ընկերների եւ իմ ազատության:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր զորակցել են, բոլոր նրանց՝ ում սիրտը ցավացել է:
Շնորհակալություն իմ ընտանիքին, ում սերն ապրեցրել է ինձ՝ նույնիսկ ամենահուսահատ ժամերին:
Եւ ուրեմն՝
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
Նիկոլ Փաշինյան