Դատելով միջազգային քաղաքական օրակարգը ձևավորող և զարգացումներն ուղղորդող համաշխարհային հիմնական ուժային կենտրոնների պահվածքից, կարելի է գալ այն եզրահանգմանը, որ գունավոր հեղափոխությունների և ազգային “գարունների” փուլը, հիմնականում, ավարտված է: Այս փուլն ուներ նախապատրաստական բնույթ և կոչված էր անհրաժեշտ աշխարհաքաղաքական, տնտեսական ու գաղափարախոսական նախադրյալները ստեղծելու Եվրասիայի վերաֆորմատավորման հաջորդ մակարդակին անցնելու համար, որը շատ ավելի ընդգրկուն ու տևական է լինելու: Գործընթացի ընդհանուր տրամաբանությունը ստիպում է ենթադրել, որ այս նոր փուլում կոնֆլիկտայնության մակարդակը շատ ավելի բարձր է լինելու և հատելու է զուտ ազգային սահմանները՝ վերաճելով ծավալուն ազգամիջյան բախումների: Գործընթացի այսօրինակ ուղղորդումը շատ որոշակի շահերի գերակայության ապահովման խնդիր է լուծում: Ամենայն հավանականությամբ ոչ ուշ, քան երկու-երեք տարուց, կսկսվի այս գործընթացի ակտիվ և բոլորին տեսանելի շրջափուլը, որին Հայաստանը, որպես պետություն, այսօր պատրաստ չէ ոչ կազմակերպչական, ոչ մասնագիտական, ոչ էլ հոգեբանական տեսանկյունից:

 

Արման Մելիքյան