Վերջիվերջո ինչո՞ւ հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը


Երեկ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում բարձրացրեց այն հարցը, թե վերջիվերջո ինչո՞ւ հրաժարական տվեց նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հարցին մոտենանք երկու կողմերից.


1.Սկսենք իրական պատճառից. Սերժ Սարգսյանը վախեցավ ապրիլի 25-ին նախատեսված շուրջօրյա հանրահավաքից ու որոշեց զոհաբերել "օֆշորի Տիկոյին", քանի որ նա բոլորիցս էլ լավ գիտի, որ զրոյական լեգիտիմություն ունի ու եթե Ազատության հրապարակում բազմահազարանոց հավաքներ սկսվեին Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, ապա վաղ թե շուտ այդ պահանջը վերածվելու էր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի: Այս հանգամանքի գիտակցումը շատ կարևոր է, ուստի այդ առումով Ռուստամյանի հարցը նոր առիթ տվեց խոսել այդ թեմայի մասին: Բացի այդ, սա հերթական հիշեցումն էր, որ եթե քաղաքական ուժերը միասնական են, ապա Սերժ Սարգսյանը պատրաստ է գնալ զիջումների:


2. Հովիկ Աբրահամյանն ասում է, որ նա երբեք չի քննադատել այն մարդկանց, ովքեր իրենից առաջ պաշտոն են զբաղեցրել: Մարդկայնորեն սա կարելի է հասկանալ, բայց քաղաքականության մեջ հարցի այլ կողմ գոյություն ունի: Եթե դու քաղաքական գնահատական չես տալիս քո նախկինի գործունեությանը, ապա նշանակում է, որ դու հետևություններ չես արել, և պարզ է, որ քո հանդեպ նույնպես վստահություն չի ձևավորվի:Այս առումով նույնպես Ռուստամյանի հարցը ֆունդամենտալ դեր է կատարում' Աբրահամյանին հնարավորություն տալով համապատասխան հետևություններ անել:

 

 

Արսեն Գևորգյան