Հյուսիսային Իրաքի քրդական տարածաշրջանի կառավարության ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման միտումներն ու հատկապես տնտեսական-էներգետիկ ոլորտում գործակցությունն արդեն թվային ցուցանիշներով է արտահայտվում: Թուրքիայի էներգետիկայի գնագոյացման կարգավորիչ խորհրդի 2013 թ. զեկույցի համաձայն՝ 2011-2013 թթ. ընթացքում Թուրքիա նավթի ներկրման իրանական ու ռուսական մասնաբաժինները նվազել են: Փոխարենն ավելացել է Իրաքից նավթի ներկրումը: 2013 թ. Իրանից և Ռուսաստանից նավթի ներկրումը նախորդ տարվա համեմատ նվազել է՝ համապատասխանաբար 39-ից իջնելով 28 և 11-ից 8 տոկոսի: Մինչդեռ, Իրաքից նավթի ներկրման մասնաբաժինն աճել է 13 տոկոսով՝ 19-ից հասնելով 32-ի: Երկուստեք փոխշահավետ համագործակցություն: Մի կողմից Թուրքիան իր համար ապահովում է էներգետիկ ռեսուրսների մատակարարման բազմազանություն, գնային մրցակցություն, մյուս կողմից էլ Իրաքի քրդական տարածաշրջանի կառավարությունը Թուրքիայի միջոցով նավթի հաշվին ապահովում է լուրջ ֆինանսական միջոցներ: Ընդամենը մեկ ամիս առաջ Էրդողանն ընդունել էր Իրաքի քրդական տարածաշրջանի վարչապետ Ն. Բարզանիին, իսկ հանդիպման օրակարգը էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման խնդիրներն էին: Դեռ անցյալ տարվանից էլ բանակցում էին Իրաքի հյուսիսում ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ:

 

Լևոն Հովսեփյան