Մինչ Արևմուտքն ու սիրիական վարչակարգի տարածաշրջանային հակառակորդները հրաժարվում են ընդունել Սիրիայում կայանալիք նախագահական ընտրությունները՝ ընդգծելով դրանց ձևական բնույթը, ներքին զինված հակամարտության պայմաններում ընտրական գործընթացի իրականացման անհնարինությունը, միլիոնավոր փախստականների ու ներքին տեղահանվածների հանգամանքը և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտների առկայությունը, սիրիական ընտրական գործընթացի համատեքստում ի հայտ են գալիս նոր ուշագրավ իրողություններ: Մասնավորապես, Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու խնդրանքով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին են դիմել Արաբական Հանրապետության և Իսրայելի միջև՝ Գոլանի բարձունքներում հաստատված ապառազմականացված գոտում բնակվող դրուզները: 1967թ, «Վեցօրյա» պատերազմից ի վեր, մինչ օրս այդ շրջանները վիճելի տարածքներ են համարվում Սիրիայի և Իսրայելի միջև: Մեծ մասամբ իրենց Սիրիայի քաղաքացիներ համարող դրուզների պատվիրկությունն արդեն փոխանցել է համապատասխան դիմումը Գոլաններում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ներկայացուցիչներին:
Հարկ է նշել, որ դրուզները հանդիսանում են Մերձավոր Արևելքի արաբալեզու էթնոկրոնական համայնքներից մեկը, որի ներկայացուցիչներն ապրում են Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում, Հորդանանում: Մասնավորապես, նրանք կազմում են Սիրիայի բնակչույթան շուրջ 3%-ը, այսինքն՝մոտ 700 հազար, իսկ Իսրայելում՝ ավելի քան 100 հազար: Դրուզների քաղաքական կողմնորոշումը հիմնականում Սիրիական գործող վարչակարգի կողմն է:

 

Արմեն Պետրոսյան