Շառլ Ազնավուրը 90 տարեկան է. լեգենդն իր ծննդյան տարեդարձը կնշի Գերմանիայում


20-րդ դարի լավագույն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, կենդանի լեգենդ.. Այս թվարկումներով հնարավոր չէ լիովին բացահայտել ու ներկայացնել աշխարհի ամենահայտնի հային' Շառլ Ազնավուրին: Ֆրանսահայ լեգենդար երգիչն այսօր' մայիսի 22-ին, դարձավ 90 տարեկան: «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»,- Ազնավուրին մի առիթով ասել է Շառլ դը Գոլը: Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչն իր կանխատեսումով չսխալվեց. Ազնավուրին իսկապես հաջողվել է ծնկի իջեցնել աշխարհը:


Սակայն իր ճանապարհին լեգենդար երգիչը բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել: «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին' երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ»,-այսպես է իր անցած ուղին բնորոշում կենդանի լեգենդը:
Չնայած այդ ամենին' «խռպոտ ձայնով հայն» իր հաստատուն և անփոխարիների տեղը գրավեց համաշխարհային երաժշտարվեստում:


Լեգենդն իր ծննդյան 90-րդ հոբելյանը միայնակ չի նշի. Ազնավուրի 90-ամյակի տոնակատարություններին մայիսի 22-ի երեկոյան ներկա կլինի նաև գերմանացի հանդիսատեսը: Լեգենդար երգիչը Գերմանիայում երկու համերգ կունենա' Բեռլինում կնշի իր ծննդյան տարեդարձը, այնուհետև մայիսի 24-ին կլինի Ֆրանկֆուրտում:


Ազնավուրն ամբողջ 2014 թվականի ընթացքում կծավալի ստեղծագործական բուռն գործունեություն: Նա իր հոբելյանի առթիվ արդեն հասցրել է յուրահատուկ անակնկալ մատուցել երկրպագուներին: Լեգենդար երգչի տարբեր տարիների գործերն ամփոփող 32 ձայնասկավառակից կազմված ձայնադարանը երկրպագուների համար հասանելի է ապրիլի 28-ից: Ձայնադարանում ներառված են Ազնավուրի '1948-2011 թվականերին ստեղծված անկրկնելի գործերը:


Բացի այդ, Ազնավուրը տարին սկսել է մեծ համերգաշարով: Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր ծայրերում, չի մոռացել նաև հայրենիք այցելել: Լեգենդար երգիչը մայիսի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աննկարագրելի րոպեներ պարգևեց հայ հանդիսատեսին: Ազնավուրի հոբելյանի առթիվ ամբողջ աշխարհում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Բազմաթիվ երաժիշտներ և տարբեր բնագավառների նշանավոր մարդիկ կշնորհավորեն լեգենդին' հոբելյանի կապակցությամբ:


Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում:


«Արցախպրես»-ը շնորհավորում է կենդանի լեգենդին' ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում երկարակեցություն, առողջություն և նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ:

 

 

Վրեժ Հովսեփյան