Ազատ շուկան Հայաստանի համար այն հիմնական գրավականն է, որի առկայության ժամանակ զարգացումն այլընտրանք չի ունենա՝ շաղկապելով բոլոր ոլորտները։
Դրանից օգտվողը կլինի առաջին հերթին ՀՀ քաղաքացին, ով բարձրագույն արժեք է, որը Հայաստանի համար ամենաթանկ կապիտալն է, սակայն բարձիթողի վիճակից արտագաղթում է և այլ երկրներում է ստեղծում բարիք, ընտանիք ձևավորում։ Սեփական պետությունում չի ընկալում իր արժեքը, իրավազուրկ է զգում, հեռանկար չի տեսնում։
Ամեն օր ՀՀ քաղաքացին տեսնում է, թե ոնց է վարչարարական լծակները ծառայում այն մարդկանց, ովքեր ունեն պետական բարձր պաշտոններ։ Նա տեսնում է, որ, տարածաշրջանային կոնֆլիկտները և պաշտպանված լինելու հրամայականն օրնիբուն իր աչքը մտցնելով (իբր թե իր անվտանգության համար սահմանափակումներ են պետք), իրեն հարստանում են մի քանի ընտանիքներ։
Այլ կերպ ասած՝ տնտեսական անվտանգությունն իշխանությունների և որոշ իշխանության հետ սերտաճած գործարարների՝ «օլիգարխների», համար տասնյակ տարիներ շարունակ եղել է պաշտպանություն և երաշխիք՝ ձեռներեցությամբ անսանձ զբաղվելու և առանց ներքին խոչընդոտների պետությունն ու քաղաքացիներին հարստահարելու համար։
Ըստ իս, ճանապարհը տնտեսության կտրուկ ու փուլային ազատականացումն է՝ չընկնելով տնտեսական այսպես կոչված անվտանգության հետևից, և դրան զուգահեռ պետական համակարգի բիզնեսի աջակցմանը ծառայեցումը՝ բացառելով կոռուպցիան։ Այս ամենը մեր տնտեսությունը դուրս կբերի ներկայիս ճահճից, նույնիսկ ունենալով ԼՂՀ, հայ-թուրքական և Մաքսային միության բռնակցման խնդիրները։
Դրա հետևանքով ՀՀ քաղաքացին կկարողանա բիզնես իրականացնել՝ չհանդիպելով բավականին շատ վարչարարական ծուղակների, ընտանիք պահել՝ իր քրտնաջան աշխատանքով ու հասկանալ սեփական արժեքն իր երկրում, և ապա ավելի սիրել հայրենիքը։
Նարեկ Այվազյան