Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, Փարիզ, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ ՇահնուրՎաղինակ Ազնավուրյան Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր):
Հետագայում Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase («Կովկաս»): Միսաք Մանուշյանը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդը, ով մահապատժի ենթարկվեց ֆաշիստների կողմից 1944 թ., Ազնավուրյանների տան մշտական հյուրն էր, և Ազնավուրյաններն աջակցում էին նրան և կնոջ՝ Մելինեին, երբ նրանք թաքնվում էին: Իր կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց Շառլին թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից: Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով: Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը: 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թ., երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների:
Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
2009 թ. մայիսի 4-ից՝ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2011 թվականից սկսվել է Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ "Aznavour toujours" ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Վիլիամ Սարոյանը մի առիթով ասել է. "Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. "Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես..."