Երբ մեր հարևան Լուսիկի աղջիկներին գալիս էին ուզելու, Լուսիկը մեր տնից չեխական ու գերմանական սպասք էր տանում՝ հարդարելու սեղանն ու զարմացնելու ենթադրյալ խնամիներին։ Հորս ոչ քիչ փողերի մի մասը սպասք էր դարձել, լցվել ռումինական կահույքի հնարավոր բոլոր դարակների մեջ ու վրա։ Անտարբեր, մի քիչ էլ միամիտ հորս ֆռացնելը դժվար չէր, ու մորս հեշտից էլ հեշտ էր թեյի նույն բաժակները կամ սկուտեղը մի քանի անգամ հորս վրա վաճառելը։ Բայց, կարծեմ, հայրս գլխի էր ընկնում, պարզապես խոսելու հավես չուներ, ու, երբ մայրս բաց տեքստով էր փող ուզում, հայրս՝ իբրև թե վրեժը լուծած համարելով, բռնացնում էր պահն ու ասում ' << էն ցրած փողերը ծախսի>>։ Մնացածը կարևոր չէր։
Մենք, իհարկե, նաև այդ օրերի համար խիստ նշանային, ընտիր գրադարան ունեինք՝ համաշխարհային գրականության ու հայ դասականների գույնզգույն մատենաշարերի երկարաձիգ շարքերով ու նաև <<Ցիմերման>> դաշնամուր։ Բայց այս պատմությունն այնքան էլ մեր մասին չէ։
Մեր հարևան Լուսիկը մեր տնից նույնիսկ կահույքի փոքր կտորներ էր տանում ու ձևավորում դեղատնային մաքրությամբ ու խորհրդային ինժիների սակավությամբ փայլող իր բնակարանը։ Լուսիկը հրաշալի տնտեսուհի էր՝ փոշին օդի միջից էր բռնում, ու ենթադրյալ խնամիները զարմանում էին ոչ միայն նրա մաքրությամբ, անակնկալի գալիս նրա սպասքից ու կահույքից, նաև՝ տարաշխարհիկ ճաշատեսակներից։ Լուսիկն էդ ճաշատեսակների նկարները <<Նաշ դոմ >> ամսագրում էր տեսել։
Ես ու մեր մուտքի բոլոր հարևանները մտածում էինք, որ այդ ամենից Լուսիկի աղջիկիերն ավելի սիրուն են դառնում ու ենթադրաբար՝ երջանիկ…
Ես, իհարկե, միշտ զարմանում էի, անհանգստանում ու նույնիսկ տագնապում՝ բա որ մի օր Լուսիկը մորս պես <<բռնվի՞>>' խնամիները հանկարծակի գան ու էդ սպասքը չտեսնեն…. Բայց այդ պահին առաջին գծում տպավորություն թողնելն էր, ու Լուսիկի աղջիկների ենթադրելի երջանկությունը։ Ես սիրում էի Լուսիկին. Լուսիկն անհամբերիս համար մեկ օրում ամառային ռոմանտիկ զգեստներ էր կարում, ու ես վայելում էի ոչ սովորական հագուստ ունենալու հաճույքը։ Հինգ հարկանի, սովետական շենքի մեր մուտքում բոլորն էին սիրում իրար, մեր դռները երբեք չէին փակվում, ու միմյանց ոչ միայն սպասք ու կահույքի կտոր էին տալիս, այլև նոր թխած փախլավայից կամ դեռ եռը չդադարած ու իր թանձր բույրով ողջ մուտքը գրաված տոլմայից էին բաժին հանում։ Մենք սիրում էինք իրար ու հավատում ենթադրելի երջանկությանը…
Հիմա, շատ տարիներ անց, արդեն երրորդ տարին ապրում եմ Երևանի հինգհարկանի շենքերից մեկում, որի մուտքից տոլմայի հոտ երբեք չի գալիս… ազնիվ խոսք…, իսկ մարդիկ չեն բարևում միմյանց։ Այնուամենայնիվ, ես դեռ հավատում եմ սիրուն և ենթադրելի երջանկությանը, թեև այս պատմությունը բոլորովին էլ իմ մասին չէ։
Ես այս պատմությունը հիշեցի, երբ երկրիս նախագահը Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էր Մաշտոցի պուրակ՝ մայրաքաղաքի ամենազվարթ, կոկիկ ու հարդարված պուրակը Միասակ Մանուշյանի անունով անվանակոչելու։ Օլանդը գուցեև անակնկալի եկավ, հաճելիորեն շոյվեց աչքն այդ վճիտ օազիսով, ու նրա մտքով իսկ չանցավ, թե տեղական անկշտումների ճանկերից ինչ աներևակայելի ճիգով է փրկվել պուրակը, ուր ընդամենը երեք տարի առաջ Բաստիլի գրավմանը համազոր ճիգ էր թափել՝ իսկական պաշարումով, հեղափոխական երգերով ու տեղը -տեղին գրավումով ՝ համոզելու տարբեր ախորժակի պաշտոնյաների, որ այսպես ավելի սիրուն է ու ենթադրաբար երջանիկ։
Օլանդը ժամանակ, իսկ ավելի ճիշտ՝ հավես չունի գլխի ընկնելու, որ քիչ հեռվում հին Երևան հիշեցնող շինությունն ընդամենը դեկոր է, զարմացնելուն ուղղված պաստառ՝ հետևում լքված երջանկության ուրվականով։ Բայց ես անհանգիստ չեմ, ոչ էլ տագնապած. բոլորովին հակառակը՝ պաստառների թիկունքում պատսպարված ու հյուծված շենքերն հիմա ապահով են. մեր բարեկամ Օլանդն արդեն տեսել է, և ուզեն թե՝ ոչ, պիտի վերականգնեն, որպեսզի, եթե մի օր Օլանդը կամ մեր ենթադրյալ բարեկամ ֆրանսիայի այլ նախագահ գա Երևան, չբռնվեն՝ պուրակն ու շենքերը տեղում կլինեն։
Բայց այս պատմությունը բոլորովին էլ Հին Երևանի մասին չէ։
Օլանդին, ինձ ու շատ շատերին, հաստատ, ցավացնելու չափ զարմացրեց մեկ այլ բան. <<պայքարողների>> այն խումբը, որն աղմուկ- աղաղակով ընդվզում էր պուրակը Միսակ Մանուշյանի անունով անվանակոչելու դեմ։
Իսկ 1944թ փետրվարի 21- ին, մահապատժին սպասելիս Մանուշյանն համոզված էր, որ արժե մեռնել խաղաղության ու ազատության համար, նա նաև համոզված էր, որ ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել պատվեն իր հիշատակը:
<<Պլեզանս փողոցի մեր տանը՝ ճամպրուկում 15 հազար ֆրանկ կա, եթե կարող ես վճարիր պարտքերս, իսկ մնացածը նվիրիր ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»։ Սրանք էին 38 տարեկանում կյանքից անորդի հեռացող բանաստեղծի, ենթադրյալ սիրո ու երջանկության մարտիկի վերջին տողերը՝ ուղղված պաշտելի կնոջը, Մելինեին։
Մնացածը կարևոր չէ։
21.05.2014
Լիլիթ Գալստյան