Վաղը վերջին զանգ է...
բազմաբովանդակ տոն, որը տերբեր նշանակություններ ունի տոնի անմիջական ու ոչ անմիջական մասնակիցների համար:
Շրջանավարտների համար' հրաժեշտ դպրոցին և մուտք նոր կյանք:
Շրջանավարտների ծնողների համար' հերթական պարտքը վերցնելու և պարտքերի ցուցակը ևս մի քանի հարյուր դոլարով ծանրաբեռնելու տհաճ առիթ:
Դպրոցների տնօրենների գերակշիռ մասի համար ... թերևս ամենաշահեկան վիճակում այս տոնի շրջանակներում հայտնվում են իրենք:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դեռևս պահպանվում է խորհրդային տարիների' դասղեկներին ու տնօրեններին թանկարժեք /ոսկյա/ նվերներ մատուցելու ավանդույթը, դրան էլ ավելացնենք անկախ Հայաստանում ձևավորված «դպրոցի ֆոնդի համար» 30.-50.000 դրամ հավաքելու ժամակակից ավանդույթը, էլ չեմ ասում վերջին զանգի օրվա համար համապատասխան հագուստ գնելու և այդ օրվա խնջույքի համար «տակից» հավաքվող գումարները, ստացվում է, որ շրջանավարտ ունեցող յուրաքանչյուր ընտանիքի գլխին առկախված է միջինը 500 դոլար հայթայթելու ու ամիսներ շարունակ դրա դարդ ու ցավով տառապելու հրամայականը:
Օրվա հացի գումար հայթայթելու խնդիր ունեցող խեղճ հայ ընտանիք, երկընտրանքի առաջ ես կանգնած: Չանես' երեխայիդ տհաճ իրավիճակի մեջ կգցես. դասընկերները կհեգնեն քիչ չի, առաջիկա ավարտական քննություննի ժամանակ էլ «հատուկ հրահանգով» դասատուներն իրենց «սիրալիր» մոտեցումը ցույց չեն տա ու չեն օգնի երեխայիդ:
Ստիպված' գլուխդ կախ, լուռ ու մունջ, ճարահատյալ պետք է անես՝ ակամայից ազդելով նոր կյանք մտնող քո երիտասարդ սերնդի հոգեբանության ու աշխարհայացքի վրա:

 

Արմեն Գևորգյան