«Վրաստանը Ռուսաստանի կողմից ճնշման ավելացում է ակնկալում, քանի որ Մոսկվան հրաժարվում է միանալ ուժի չկիրառման մասին համաձայնագրին»: Նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Ի.Ղարիբաշվիլին Բելգիայում Եվրախորհրդի նախագահ Ժ.Մ. Բարոզոյի հետ հանդիպման ժամանակ: Ղարիբաշվիլին նաև հայտարարել է, որ «2008թ.-ին Ռուսաստանն «օկուպացրել է» Վրաստանի տարածքները, և այսօր ևս հյուսիսային հարևանի գործողությունները մեծ վտանգ են ներկայացնում Վրաստանի անվտանգության համար՝ հավելելով, որ չնայած հարաբերությունները վերականգնելուն ուղղված Վրաստանի կառուցողական փորձերին, Մոսկվան շարունակում է «օկուպացված» տարածքներում սադրանքներ իրականացնել:
Մի կողմից հասկանալի է Ղարիբաշվիլիի՝ նման բովանդակությամբ հայտարարություններ հնչեցնելու իմաստը, այն է՝ կրկին անգամ ցույց տալ Արևմուտքին, որ Վրաստանը խստորեն դատապարտում է ռուսական «ագրեսիան», ավելին՝ ընդգծում «օկուպացված» տարածքների հարցը, քննադատում պաշտոնական Մոսկվայի գործելաոճը: Դե դա, կարծես, անհրաժեշտ բան լինի հատկապես Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ: Սակայն մյուս կողմից վրացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժամանակ առ ժամանակ դրսևորվող նմանատիպ վարքի պայմաններում և արդյունքում զգալի վնաս է հասցվում վրաց-ռուսական հարաբերությունների վերականգնման գործընթացին:

 

Ալիկ Երոյանց