Մեր ազգային մամուլը մեծ ոգևորություն ապրեց նկարագրելով, թե ինչպես արցախահայ երիտասարդությունը կտրեց համանախագահների ճանապարհը: Ոչ պակաս ոգևորությամբ հանրությանը ներկայացվեցին այն վեց կետ պահանջները, որոնք երիտասարդների անունից ներկայացվեցին համանախագահներին ու, հավանաբար, ողջ միջազգային հանրությանը: Չեմ անդրադառնա բոլոր այդ վեց կետերին, բայց դրանցից մեկը չմեկնաբանել չեմ կարող՝ խոսքը վերաբերում է փախստականների հիմնախնդիրը խաղաղ կարգավորման գործընթացի օրակարգի շրջանակներից դուրս թողնելու և դրան, փաստորեն, միայն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո անդրադառնալու պահանջին: Մի կողմ թողնենք այն, որ այդ պահանջը ՀՀ Արտգործնախարարության կողմից փախստականների հարցում որդեգրած պաշտոնական մոտեցումների պարզունակ կրկնությունն է՝ շատ ավելի կարևոր է այն, որ փախստականների հիմնախնդրի իրական նշանակությունը հայկական շահերի առաջմղման տեսանկյունից, համարժեք կերպով չի ընկալվում նաև հանրային մակարդակում: Փաստորեն, կարելի է ասել, որ փախստականների խնդիրն Արցախում և Հայաստանում դիտարկվում է միայն հարյուր հազարավոր ադրբեջանցիների Արցախում հաստատվելու հեռանկարը հնարավորինս հետաձգելու կամ կանխելու համատեքստում: Հենց այստեղ է, որ հայկական կողմերն ընկնում են արատավոր շրջանի մեջ՝ հանուն այն բանի, որ թույլ չտրվի ադրբեջանցիների մուտքն Արցախ, նրանք պատրաստ են մոռացության մատնել ավելի քան կես միլիոն հայ փախստականների ոտնահարված շահերն ու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը:Այսինքն՝ անտեսել Արցախի բնակչության քանակը առնվազն եռակի գերազանցող հայրենակիցներին: Զավեշտն այն է, որ հայկական կողմերի՝ հենց հայ փախստականների հիմնախնդիրը հետաձգելու կամ մոռացության մատնելու պատրաստակամությունն է, որ Արցախի դռները բացում է ադրբեջանցիների առջև և թույլ է տալիս համանախագահներին ու Ադրբեջանի ղեկավարությանը խոսել այս խնդրի առաջնահերթության մասին: Այն ժամանակ, երբ Հայաստանը համարժեքորեն կբարձրացնի հայ փախստականների օրինական շահերի և իրավունքների լիարժեք ապահովման անհրաժեշտության պահանջը, մենք կազատվենք ադրբեջանցի փախստականների վերադարձի կարևորության մասին խոսակցություններից և անհարկի քաղաքական ճնշումներից: Գոյություն ունի այն բանաձևը, որի կիրառումը թույլ կտա արժանապատիվ խաղաղություն հաստատել և լուծել նաև տարածքային խնդիրները՝ բոլոր փախստականների շահերը հաշվի առնելու միջոցով: Այդ բանաձևը երբևէ չի բարձրաձայնվել, քանի որ ոչ կողմերի իշխանությունները, ոչ էլ համանախագահները չէին ցանկանում շեղվել խնդիրը տարածքներ հանձնելու միջոցով լուծելու հեշտ թվացող ճանապարհից: Այժմ, աշխարհաքաղաքական իրողությունների արմատական փոփոխության շրջանում հարցի հանդեպ վերաբերմունքը կարող է և պետք է փոխվի:
Արման Մելիքյան