Վերջին շրջանի առավել ուշագրավ թեմաներից մեկը երկրում սահմանադրական բարեփոխումների իրականացումն է: Իհարկե, միանգամայն ողջունելի է, երբ մեր բազմազբաղ ու բազմախնդիր կյանքում դեռ մտածող կա երկրի մայր օրենքի կատարելագործմա մասին: Չեմ կարող չնշել նաև, որ այդ գործը հանձնարարված է ՆԱԵՎ բավականին մեծ ճանաչում և իրավագիտության ոլորտում անուրանալի ներդրում ունեցող անհատականությունների (Գագիկ Հարությունյան, Գևորգ Դանիելյան): Ավելին' այն, որ այդ Հանձնաժողովի գիտնական անդամների շարքում կան նաև այդ ամենի ելքում անձնական որևէ շահագրգռվածություն չունեցող գիտնականներ (օրինակ' պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը), էլ ավելի է բարձրանում ընդունվելիք փաստաթղթի որակի նկատմամբ ակնկալիքը:
Բայց դա քիչ է: Եթե թվարկածս մարդկանցից բացի, ևս 15 (եթե իհարկե' հնարավոր լինի գտնել) նոր ''գիգանտներ'' էլ լիազորվեն ծառայել այդ գործին, միևնույնն է' ցանկալի արդյունքը երաշխավորված չէ:
Մթնոլորտն ու գիտակցությոնը պետք է բարեփոխել: Ինչ բարեփոխում էլ որ նախաձենեք, քանի դեռ գերակայում է անպատժելիության, պետական պարտականություններում խտրականության, մարդկանց առաջընթացի ապահովման հարցում զուտ անձնական կապերի գործադրման, վարքի կաննների գնահատման երկակի ստանդարտների կիրառման և օրենքներին համառորեն չենթարկվելու մոտեցումը խրախուսելու մթնոլորտը, ուրեմն զուր են բոլոր տեսակի իրավական միջամտությունները: Եթե դեռ Ազգային ժողովից չեն վռնդվել հրապարակայնորեն հայհոյող խուլիգանամիտ ու հանցաբարո պատգամավորները, եթե Կառավարությունում դեռ շարունակում են ծվարել արդեն քանիերորդ սռոկն ատբիտ անող ''գործից հասկցող կարգին տղեքը'', եթե երկրի տնտեսությունը հիմնահատակ քանդած և հնարավոր բոլոր առիթներով Հայստանի բարի համբավն անմնացորդ խայտառակած սկանդալային բարձրաստիճան պաշտոնյաները ոչ միայն իր պատիժը չի կրում համապատասխան հաստատությունում, այլև մի բան էլ տեր է դարձվում ''մի այլ փեշակի'', ուրեմն զուր են բոլոր բարեփոխումներն ու նմանատիպ քաղաքակիրթ նախաձեռնոթյունները...
Գևորգ Պետրոսյան