Հայ հասարակական ակտիվը այս օրերին զբաղված է Ուկրաինային փառք գոչելով, Ռուսաստանին գրողի ծոցն ուղարկելու հումանիտար առաքելությամբ, մինչդեռ մեր քթի տակ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց համարժեք արձագանքը կարող է շրջել պատմության անիվը: Մինչ կառավարությունը օրնիբուն զբաղված է նախկին Տիգրանի (վարչապետ) սխալների սրբագրմամբ, համացանցը հեղեղվում է Եվրոպառլամենտում տեղի ունեցող հանդիպումը լուսաբանող հոլովակներով, որտեղ օրը ցերեկով մեր արդեն նախկին ԱԺ նախագահին, հիմա՝ վարչապետին անվանում են Կովիկ և ոչ մի ցասում, ոչ մի բողոք, ազգային արժանապատվության ոչ մի դրսևորում: Անշուշտ, էվոլյուցիան դաժան հարված հասցրեց Արգամիչին՝ կարճ ժամանակահատվածում ամփոփելով տարբեր կենդանատեսակների մեջ. հավատացեք՝ Հավիկից Կովիկ ընթացքը տեղի ունեցավ ռեկորդային կարճ ժամանակահատվածում, սակայն էվոլյուցիայի ցնցող արագությունն անգամ չի արդարացնում հայ գրանտակերների պահվածքը, ովքեր չընդվզեցին հարազատ վարչապետի կերպարի աղավաղման բացահայտ փորձերի նկատմամբ: Եթե ռուսները նրան, օրինակ, անվանեին Սովիկ՝ ի նկատի ունենալով Սովետական Միության վերականգնման գործում նրա ունենալիք ներդրումը՝ ակտիվիստները կպարզեին պաստառներ՝ մոտավորապես Russia, go home բովանդակությամբ: Իսկ եթե եվրոպացիները նրան անվանում են Կովիկ (միանգամայն անտրամաբանական եզրահանգում մուկիկ - հավիկ շղթայի վերջնամասում), հայ հասարակական միտքը լռելյայն և գլխիկոր տանում է այդ հակահայկական ցինիզմը: Սա այն դեպքում, երբ լավագույն եվրոպական մտածողի ազգանունը՝ Գյոթե, դեռ համարժեքորեն չի գնահատվել հայ հանրության կողմից և շարունակում է հանդուրժողաբար տեղ գտնել հայկական դասագրքերում:
Առաջարկում եմ գազանանոցի մոտից մեկնարկել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հովիկ Աբրահամյանի: Միգուցե գազանանոցը կթարմացնի եվրոպացիների հիշողությունը և կդադարեն խառնել զեփյուռը կենդանիների հետ:
Իսկ կառավարությանը առաջարկում եմ գրանտներ տրամադրել՝ կենդանիների և նրանց անունների պրոպագանդման համար: ի վերջո, այստեղ խախտվում են ոչ միայն վարչապետի, այլև կենդանիների իրավունքները...
Չէ որ նրանք կարող են չկիսել Հովիկ Արգամիչի գաղափարները և ՛՛հաստավիզ՛՛լրագրողների չար կատակի արդյունքում հայտնվել գաղափարական շրջափակման մեջ...
Սա բացահայտ ջհուդամասոնական միտում է՝ հանրապետականացնել կենդանիներին: Կամ ընդհակառակը...
Վարուժան Բաբաջանյան