Մեր պատգամավորները կդադարեն լրագրողներին վիրավորել միայն այն դեպքում, երբ ամբողջովին ոչ միայն կընկալեն, այլ նաև համոզված կլինեն, որ իրենք խորհրդարանում են հասարակության շահերը ներկայացնելու համար: Ինչու՞, որովհետև լրագրողը պատգամավոր-հասարակություն' այս դեպքում ընտրող հարաբերություններում հանդես է գալիս որպես կապող օղակ, չհաշված այն հանգամանքը, որ ԶԼՄ-ն, որտեղ այդ լրագրողը աշխատում է, հանդիսանում է հասարակական կարծիքի ձևավորող: Հետևաբար պատգամավորի համար առաջնային է մտածել այդ հասարակության մեջ իր կերպարի մասին, իսկ այդ դեպքում ոնց հասկանալի է մեծ է լրագրողի դերը: Իսկ երբ հանգիստ վիրավորում ես լրագրողին, նշանակում է քեզ համար հասարակական ընկալումները կարևոր չեն, Շուշան Պետրոսյանի դեպքում բացասական արդյունքի հավանականությունը երկակի մեծ է, քանզի նրան ավելի շատ որպես սիրված երգչուհի են առաջին հերթին ընկալում, քան պատգամավոր: Գույները չեմ խտացնում' ասելով, որ երգչուհու կերպարը սրանից հետո կործանվեց: Ամեն դեպքում, եթե Շուշան Պետրոսյանի տեղում լինեի հասարակական վստահության կապիտալի մասով ավելի նրբանկատ կլինեի, չէի ցանկանա, որ սիրված երգչուհին հանուն մի քանի տարվա քաղաքական գործունեության սկսեր հասարակության մեջ ասոցացվել մեզ քաջ ծանոթ «պատգամավորի անընդունելի կերպարի հետ»:
Կնյազ Սարոյան