Մայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, «Կարնեգի» հիմնադրամում, ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից: Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որում, մասնավորապես, ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով:

 


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ


Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության դեպքում: Սա պարտադիր է: Ցանկացած այլ որոշում կմնա թղթի վրա:


Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /Արցախի Հանրապետությունը/ ոչ մեկին չի լիազորել իր փոխարեն որոշում կայացնել, լինի՝ կարգավիճակի հարցում կամ այլ:


Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի են: Հայկական Արցախի հազարամյա պատմության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն էր միջանկյալ կարգավիճակ, որը ոչ միայն չապահովեց արցախահայության անվտանգությունը, այլև հանգեցրեց Արցախի պատմական տարածքի մասնատման և հայաթափման:
Երրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն տարածք չունի «վերադարձնելու» որևէ պետության, այլև պահանջատեր է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող իր տարածքների: Ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը չի կարող հիմնված լինել Ադրբեջանի կամ որևէ մեկի կողմից Միջազգային սկզբունքների կամայական մեկնաբանության վրա:


Չորրորդ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ստեղծվել է ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով, միջազգային իրավունքի բոլոր պահանջների կատարմամբ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման ցանկացած փորձ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:


Հինգերորդ. Փախստականներին և ներքին տեղահանվածներին վերաբերող բոլոր հարցերը պետք է կարգավորվեն փոխադարձության հիմունքներով ՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակի միջազգային ճանաչումից հետո միայն:
Վեցերորդ. Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարելու ադրբեջանցու վայրենի հանցագործությունը արտոնելուց հետո անվտանգության միջազգային երաշխիքների մասին ցանկացած խոստում խաբեություն է: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի 20 տարիներին խաղաղությունը պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Հետևապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է:


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ /ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ/ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ


18 մայիսի, 2014թ.

 

 

 

 

 

 

 

 
 

 


 

 

Վլադիմիր Գրիգորյան