«Օրինաց երկիր» կուսակցությունը ազգային ժողովում ներկայացրել է առաջարկներ և շրջանառության մեջ է դրել օրենքի նախագծեր, որոնք վերաբերում են «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությանը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառմանը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպմանը:
Դրանցից առաջինը վերաբերվում է երթևեկության կանոնների խախտման հետևանքով նշանակված տուգանքների չափերին: ՕԵԿ նախագծերով առաջարկվում է երթևեկության կանոնների խախտումների դեպքում էականորեն նվազեցնել տուգանքների չափերը:
Օրինակ՝ լուսացույցերի մոտ, հոծ գծերից մի քանի սմ առաջ կանգնելը կամ սահմանված արագությունը գերազանցելու դեպքում, նախատեսված է՝ 10.000 դրամ տուգանք: Անընդունելի է, որ սահմանված արագության գերազանցումը 11կմ/ժ-ից մինչև 31 կմ/ժ նախատեսվում է՝ 30.000 դրամ տուգանք, այսինքն՝ միևնույն է վարորդը 10 կմ/ժ-ով է գերազանցել սահմանված արագությունը, թե 30 կմ/ժ-ով, նա պետք է տուգանվի 30.000 դրամ:
Ընդհանրապես, այս ոլորտում տուժաչափերը սահմանելուց, անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել մեր ժողովրդի սոցիալական վիճակը, նվազագույն և միջին աշխատավարձերի ու կենսաթոշակների չափերը և դրանից հետո նաև խախտման վտանգավորության աստիճանը:
ՕԵԿ-ն առաջարկել է նաև հիմնովին վերանայել արագաչափերի տեղադրման աշխարհագրությունը, արագությունների նվազագույն չափերի սահմանման հիմնավորումները, ճանապարհների վերանորոգման և հիմնանորոգման ժամանակ օրեր շարունակ, երբեմն շաբաթներ տևող անհիմն ճանապարհների ժամանակավորապես փակումը, որը խոչընդոտներ է ստեղծում վարորդների համար:
Հաջորդ մեր նախագիծը վերաբերում է տեխզննության գործընթացին: Կարծում եմ, բոլորիս հայտնի է, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ տարեկան վճարում են տեխզննության համար նախատեսված գումարներ, սակայն իրականում տեխնիկական զննություն մեքենաները չեն անցնում: Փաստորեն գումարը վճարվում է ընդամենը տեխզննման կտրոն ստանալու համար: Նկատի ունենալով այս իրողությունը՝ ՕԵԿ-ն առաջարկում է տեխզննում իրականացնել ոչ թե տարին մեկ անգամ, այլ երեք տարին մեկ անգամ, և աստիճանաբար տեխզննման գործընթացը վերացնել, ինչպես դա արվեց հարևան Վրաստանում:
Իսկ ինչ վերաբերում է կարմիր գծանշումներին. Օրինակ, ինչպես է ֆիքսվում 5 րոպե անվճար տևողության չափը, կարծում եմ, դժվար է ապացուցել՝ մեքենան կայանել է 4 րոպե 55 վայրկյան, թե 5 րոպե 2 վայրկյան: Դրա համար անհրաժեշտ է 5 րոպեի փոխարեն սահմանել գոնե 10 րոպե: ՕԵԿ-ը կարծում է, որ անհրաժեշտ է վերանայել և քննարկման առարկա դարձնել նաև անվճար ավտոկայանատեղիների հարցը, այսինքն՝ Երևանում ավտոկայանատեղիները չպետք է լինեն միայն վճարովի: Վճարովի ավտոկայանատեղիները պետք է լինեն՝ բարեկարգ, հարմարավետ, ապահով և պաշտպանված: Քաղաքացին պետք է երաշխիքներ ունենա, որ իր մեքենայի անվտանգությունն այդ տարածքում երաշխավորված է:
Արթուր Միսակյան