Չգիտեմ, թե որքանով եմ ճիշտ տեսակետ արտահայտում, բայց կարծում եմ, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի թիկունքում Կրեմլը չէր կանգնած: Նախ, դա պնդելու համար ապացույցներ չկան: Բացի այդ, համաժողովրդական շարժումը Ռուսաստանի դեմ ուղղված չէր, այլ' Հայաստանի' այն ժամանակ գործող իշխանությունների: Եթե հաշվի առնենք այն, որ 2008-ի մարտի 1-ին եւ դրանից առաջ տեղի ունեցած հանրահավաքները գլխավորած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բնավ հակառուսական տրամադրություններ չի ունեցել եւ այժմյան իր բազմաթիվ ելույթներից էլ երեւում է, որ այդպիսի տրամադրություններ չունի եւ չի էլ փորձում մարդկանց մեջ սերմանել հակառուսական գաղափարներ ու նաեւ այն, որ հենց Լ.Տ.Պ.-ի ժամանակ էր' 1995 թվականին, երբ Գյումրիում տեղակայվեց 102-րդ ռուսական ռազմաբազան, այդ դեպքում անհասկանալի է՝ ի՞նչ հակասություն կարող էր առաջանալ Կրեմլի հետ, եթե 2008-ի հանրահավաքների արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնական հաջողության հասներ: Նա արեւմտամետ գործիչ չէր, որ Կրեմլի համար վտանգ ներկայացներ: Երբ ժամանակին մեր խորհրդարանում շատերը բարձրաձայնում էին, որ ռուսների հետ անհրաժեշտ է կապը կտրել, իսկ ռուսերեն խոսելն այդ ժամանակ խորհրդարանում մեծ դիմադրության էր հանդիպում, Լ.Տ.Պ.-ն էր, որ մեղմեց տիրող իրավիճակը' հայտարարելով, որ ռուսների հետ կապը կտրել պետք չէ: Եթե մտածենք, որ Ռոբերտ Քոչարյանը Կրեմլի համար ավելի ձեռնտու նախագահ էր, քան Լ.Տ.Պ.-ն, ով բավական ինքնուրույն է, ասեմ, որ իր հերթին արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում Ռ.Քոչարյանն ավելի ինքնուրույն էր, քան Սերժ Սարգսյանը:
Իսկ եթե ենթադրենք, որ Կրեմլը կանգնել էր մարտի 1-ի դեպքերի թիկունքում Հայաստանը գաղութացնելու նպատակով, նշեմ, որ Հայաստանը վաղուց էր Կրեմլի գաղութը, նոր չէ, որ պետք է գաղութացվեր: Բացի այդ հարեւան Վրաստանում էլ ժամանակին նախագահում էր արեւմտամետ Միխաիլ Սահակաշվիլին: Այդպես որ մտածենք, Կրեմլը Սահակաշվիլու գլուխը վաղուց պետք է «կերած» լիներ:
Նույն ձեւով կարելի է Երկիր մոլորակի բոլոր մեղքերը բարդել Կրեմլի վրա, ասել, որ Կրեմլը մեղավոր է նաեւ հոկտեմբերի 27-ի դեպքերի համար: Բայց գիտենք, որ այդ դեպքերին զոհ գնացած անձանցից ՀՀ վարչապետ, նախկինում' ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը սերտ հարաբերություններ ուներ Ռուսաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ, ինչի շնորհիվ Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանը հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք ստացավ ՌԴ-ից: Հետեւություն: Այս երկու ողբերգական իրադարձությունների մեղավորներին հարկավոր է փնտրել մեր երկրի ներսում' իշխանական շրջանակներում:

 

Անահիտ Սիմոնյան