Մի քանի խոսքով կանդրադառնամ պարտադիր կուտակային փոփոխություններին: Այս փոփոխություններում թեև կան դրական մոտեցումներ, սակայն սրանք դեռ այն ձևակերպումները չեն, որը պահանջում էր հասարակությունը:
1. Այս օրենքի շահառուների 80%-ը (նրանք, ովքեր դեմ էին) որևէ կերպ իրենց սեփականության տնօրինելու իրավունքը իրենց իսկ ցանկությամբ չեն փոխանցել որևէ մեկին, որ հիմա դիմում գրեն իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքը վերականգնելու համար: Այս ձևակերպումը ինձ համար անընդունելի է:
2. Օրենքի այս փոփոխություններով կառավարությունը պետություն-քաղաքացի հարթությունից խնդիրը տեղափոխեց գործատու-աշխատակից հարթության վրա: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մեծ է հավանականությունը, որ գործատուները ջանք ու եռանդ չեն խնայելու, որ դիմումներ ներկայացնողներ գրեթե չլինեն, և այս գործընթացը հատկապես նկատելի է լինելու պետական հատվածում:
3. Իշխանությունների համար այս փոփոխություններին գնալը նահանջ էր, իսկ օրենքի դեմ պայքարողների համար կես քայլ առաջ, որը թեև ուրախալի է, սակայն հաղթանակ տոնելու համար դեռ շատ բան ունենք անելու:
Ես ի սկզբանե դեմ եմ եղել այս օրենքին, և դեմ եմ լինելու այնքան ժամանակ, մինչև օրենքը չստանա հասարակության 80% համար ցանկալի տեսք: Մոտ 22 օրից օրենքը օրինական ուժ կստանա, և ես կիրացնեմ իմ իրավունքը՝ դիմում ներկայացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավարին, որից հետո կհրապարակեմ այն: Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր կգրեն դիմում իրենցից պահումներ չկատարելու համար, հրապարակել դիմումը:

 

 

Արմեն Ասլյան