Ուկրաինայի հարավ-արևելքում այսպես կոչված «դաշնայնացման կողմնակիցների» կամ էլ ինչպես Կիևն է նրանց կոչում «ահաբեկիչների» և Ուկրաինայի ուժայինների միջև զինված ընդհարումները շարունակվում են, և օր-օրի այդ պայքարը դառնում է էլի ավելի կատաղի և առանց փոխզիջում գտնելու հեռանկարի: Մարտերը հիմնականում շարունակվում են Դոնեցքի և Լուգանսկի շրջանների քաղաքաներում և հատկապես վերջին տեղեկություններով մի ամբողջ ճակատամարտ է տեղի ունեցել հենց Սլավյանսկում (Դոնեցկ):
Ազգային գվարդիայի 1-ին գումարտակի ներկայացուցիչ Անդրեյ Անտոնիշչակի՝ մամուլի ասուլիսում արված հայտարարությանը ասել է, թե իբր Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Jaguar» հատուկ ստորաբաժանումը Սլավյանսկի մերձակայքում մղվող մարտերում 54 ահաբեկիչ (նկատի ունի ռուսամետ «դաշնայնացման կողմնակիցներին») է ոչնչացրել: Ըստ Անտոնիշչակի «Jaguar»-ը ընկել է ծուղակը և վերջնական հաշվով կորցրել է ավելի քան 5 զինվոր և ունեցել 14 վիրավոր, բայց միևնույն ժամանակ կարողացել է չեզոքացնել ավելի քան 54 հոգու: Սա այսպես ասած դեռ միայն Սլվավյանսկում տեղի ունեցող իրադարձությունների մասին է, սակայն, այսօրվա դրությամբ զինված բախումները վերոնշյալ երկու կողմերի միջև տարածվում է Լուգանսկի և Դոնեցկի ամբողջ երկայնքով' այդ շրջանների տարբեր քաղաքներում:
Այս ամբողջ գործընթացն ընթանում է ինչպես Դոնեցկում այնպես էլ Լուգանսկում պետական ինստիտուտների կառուցման, ձևավորման ճանապարհին: Դոնեցկում արդեն ստեղծվում են առանձին կուսակցություններ: Այդ շրջանի «ժողովրդական նահանգապեպ» Պավել Գուբարևը հայտարարել է «Նովոռոսիա» կուսակցության ստեղծման մասին, որն ինչ խոսք չի կարող չդիտվել Կիևի կողմից որպես հերթական սադրանք: Հիշեցման կարգով նշենք, որ Նովորոսիան կայսերական Ռուսաստանի ժամանակաշրջանի նահանգ է, որն իր մեջ ընդգրկում էր, թե´ Դոնեցկը, թե´ Լուգանսկը, թե մի շարք այլ տարածքներ Ուկրաինայի Հարավ-Արևելքում: Այնպես որ սա կարծես հերթական սպառնալիքն է, որ տվյալ շրջանների մարդիկ պատրաստ են գնալ «մինչև վերջ», եթե Կիևը հաշվի չնստի իրենց պահանջների հետ: Ասեմ ավելին «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» կառավարության ղեկավար Դենիս Պուշիլինի հայտարարել է, որ իրենք ձեռնամուխ են լինում սեփական բանակի ստեղծմանը, որպեսզի ետ մղեն «օկուպանտներին» (խոսքը Ուկրաինայի ուժայինների մասին է) իրենց պետության տարածքից:
Կարճ ասած թե մինչ այժմ բախումները դրվագային էին և արդյունքում զոհերի թիվը շատ մեծ չէր լինում, այժմ արդեն ականատեսն ենք լինում լրջագույն հակամարտության, որոնք ոչ միայն վտանգում են բանակցությունների միջոցով ճգնաժամի լուծման հեռանկարը, այլև սպառնում են ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, քանի որ տվյալ գործողություններն էլ ավելի մեծ սեպ են խրում Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններում: Այնպես որ այս ճգնաժամը սպառնում է վերածվել լրջագույն միջազգային հակամարտության, (եթե իհարկե այն արդեն իսկ այդպիսին չէ) որին, թե´ ուղղակիորեն, թե´ անուղղակիորեն կաջակցեն ուժային տարբեր կենտրոններ, ինչպես նաև տարածաշրջանային տարբեր «տրամաչափի» պետություններ: Այլ կերպ ասած կունենանք մոտավորապես այնպիսի իրավիճակ ինչպիսին որ այժմ Սիրիայում է: Ճիշտ է դժբախտաբար, բայց հավանաբար հենց այդպես էլ ամեն ինչ կդասավորվի:

 

 

Հայկ Թամրազյան