«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ: Թերթի դիտարկմանը' բուռն քննադատության առարկա դարձավ Հասմիկ Պողոսյանի վերանշանակումը մշակույթի նախարարի պաշտոնում: Խոսակցություններ եղան նաև Ձեզ այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալը, Շ. Պետրոսյանը պատասխանել է. «Վերանշանակման հետ կապված' ես միանշանակ դեմ եմ ու ոչ մի կերպ չեմ ընկալում այդ վերանշանակումը: Ես կարծում եմ, որ այո, պետք է փոխվի մշակույթի նախարարը: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես որևէ առաջարկ չեմ ստացել, եթե ստանայի էլ, ես կրկնել եմ, որ համաձայն չեմ, պատրաստ չեմ նախարար լինել: Նախարարը պապական դուքյան չի, որ ամեն մեկը համաձայնի ու դառնա»: Առանց անդրադառնալու հարցազրույցի մանրամասներին միայն այսքանը բավական է ասելու. որ ի հեճուկս բոլոր քննադատություններին, որ հնչում են տիկին Պետրոսյանի հասցեին, կարելի է ասել' կեցցե Շուշանը.... իրենց հատուկ ուղղախոսությամբ, ուղղամտությամբ ու անմիջականությամբ անկեղծորեն ասաց, որ նախարար լինելու համար պետք է համապատասխան պատրաստվածություն, այն էլ երբ խոսքը գնում է մի այնպիսի նուրբ ոլորտի մասին, ինչպես մշակույթն է' մեր երկրի, ազգի այցեքարտը աշխարհում ազգերի ընտանիքում: Գովելի նաև, որ Շուշանն անկեղծորեն է ասում, որ ինքն օրինակ պատրաստ չէ այդ պաշտոնին: Կարող եմ արձանագրել, երևի նման անկեղծ պատասխանի նախադեպ մեր պաշտոնյաներից, դժվար թե կարողանանք գտնել: Սակայն միաժամանակ նաև այլ հարց է առաջ գալիս. իսկ Հասմիկ Պողոսյանն ինչ աչքով է նայում Մշակույթի նախարարությանը: Արդյոք նա նախարարությունն համարում է իր "պապական դուքյանը" թե ոչ: Անկախ նախարարի պատասխանից, կարծում եմ, որ արդեն վեց տարի անփոփոխելի կերպով սեփական նստատեղն նախարարական այդ բազմաթոռին սոսնձելը արդեն իսկ տալիս է պատասխանը անուղղակի կերպով Շուշանի կողմից բարձրացված հարցի:

 

 

Հարություն Հարությունյան