Երեկ երկօրյա պետական այցով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այսօր մի քանի միջոցառումներից հետո Օլանդը կմեկտնի նաև Թբիլիսի և վերջապես կավարտի իր տարածաշրջանային այցը: Այժմ, սակայն, երբ դեռ պաշտոնապես չի էլ ավարտվել Օլանդի այցը մեր երկիր, կարող ենք ամեն դեպքում որոշակիորեն ամփոփել այն և մեր համեստ գնահատականը տալ այս ամբողջ գործընթացին: Երեկ հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ընթացքում երկու նախագահներն էլ հանդես եկան ելույթներով, որոնց ժամանակ անդրադարձ կատարվեց, թե´ երկկողմ տնտեսական, թե´ քաղաքական, թե´ մի շարք այլ ոլորտներին: Օլանդը նաև խոսեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, որն ըստ իս այս ամբողջ այցի շրջանակներում կարևորագույն հարցերից մեկն էր: Նախ մեջբերենք ֆրանսիայի նախագահի ելույթի հենց վերոնշյալ հարցին վերաբորղ մասը այնուհետև խոսենք դրա կարևորության մասին:
Օլանդը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին և դրանց հեռանկարին, ասել է մասնավորապես հետևյալը. «Ես ուշադիր եմ, որպեսզի Հայաստանին երկու ընտրության առջև չկանգնեցնենք, որն ի վերջո հակասություն կստեղծի՝ ի դեմս Ձեր երկրի շահերի: Մենք Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ այդ մասին նույնպես խոսել ենք 2013թ. հոկտեմբերին՝ Ֆրանսիա կատարած նրա վերջին այցի ընթացքում և այստեղ ժամանման ճանապարհին:Մենք պետք է ստեղծենք Եվրոպա-Հայաստան համագործակցության ասոցիացիա, բայց այնպես, որպեսզի այն չհակասի Մաքսային միության շրջանակում Ռուսաստանի հետ Հայաստանի հեռանկարներին: Կարծում եմ՝ կարող ենք գտնել ողջամիտ, եզակի, բացառիկ մոդել՝ ընդունելով Հայաստանին որպես մի երկրի, որը միաժամանակ կապված է իր աշխարհաքաղաքական միջավայրին, տարածաշրջանին և որը ցանկանում է Եվրոպայի հետ մասնակցել ընդհանուր ծրագրի, մասնավորապես մարդու իրավունքների, քաղաքական երկխոսության և ժողովրդավարական գործընթացների շուրջ համագործակցության դաշտում:
Կարծում է ֆրանսիան որպես ԵՄ անդամ կաևորագույն երկրներից մեկը շատ հստակ ուղերձ է հղում Հայաստանին: Սա իրոք շատ կարևոր հայտարարություն էր, արված շատ կարևոր քաղաքական դեմքի կողմից և հենց Հայաստանում: Սրանից առաջ կար մտավախություն, որ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Արևմուտքը կարող էր հարցի, ասել է թե ընտրության առջև կանգնեցնել Հայաստանին, որը կարող էր լրջագույն մարտահրավեր դառնալ մեր երկրի համար, որն առանց այն էլ նախանձելի իրավիճակում չէ' ելնելով տարածաշրջանային մի շարք օբյեկտիվ հանգամանքներից: Այս մտավախությունը հիմնականում պայմանավորված էր Ֆրանսիայի նախագահի խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի կողմից մինչ Օլանդի այցն արած հայտարարությամբ, որի ժամանակ վերջինս ասել էր, թե իբր «Ֆրանսիան դրական ակնկալիքներ ունի Հայաստանից վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում»:
Ժամանակից առաջ չանցնենք, բայց ինչպես երևում է Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունը (կամ էլ ինչպես վերջրես են ասում «և-և» քաղաքականությունը) քիչ թե շատ ընդունելի է դառնում մեր բոլոր գործընկերների կողմից, հատկապես Արևմուտքի կողմից: Հատկանշական է, որ ԵՄ-ն ի դեմս Ֆրանսիայի ցանկանում է մեզ հետ խորացնել իր հարաբերությունները և նույնիսկ պատրաստ է հատուկ կամ էլ ինչ-որ եզակի ձևաչափ մտածել' պահպանելու և զարգացնելու իր հարաբերությունները Հայաստանի հետ:
Միևնույն ժամանակ ինչքան էլ որ ցանկալի լինի նման բաներ լսելը, ակամայից մարդ միշտ սկսում է մտածել դրանց դրդապատճառների մասին: Հասկանալի է, որ Ֆրանսիայի շահագրգռվածությանը կարող է նպաստել մեր բազմահազարանոց հայ համայնքը, կամ էլ ինչ- որ վեհ արժեքներ, որոնք ստիպում են վերջինիս նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանն ու ամրապնդմանը, բայց ամեն դեպքում միշտ էլ ցանկալի է հասկանալ դրան նպաստող ավելի «խորքային» դրդապատճառներ: Սակայն սա արդեն միանգամայն այլ հարց է, որին ևս հետագայում կարելի է անդրադառնալ:

 

 

Հայկ Թամրազյան