Համացանցում նկատեցի մի տեղեկատվություն, ըստ որի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անհրաժեշտ է համարել դեսպան Ուորլիքի վերջին ելույթի քննադատներին հիշեցնել, որ արցախյան հիմնահարցը հանգուցալուծման երեք
տարբերակ ունի՝ բոլորի համար անընդունելի ստատուս քվոյի երկարաձգում, պատերազմի վերսկսում և բանակցային ուղին, որը ենթադրում է, որ հակամարտող կողմերը պարտավորված կլինեն գնալ փոխզիջումների: Դեսպանությունը հույս է հայտնում նաև, որ այդ քննադատները խոհեմ կգտնվեն և կընտրեն խաղաղությունը: Կա, իհարկե, նաև առնվազն չորրորդ տարբերակը՝ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների, կամ էլ Ռուսաստանի և վերջինիս դաշնակիցների կողմից Արցախի անկախության ճանաչումը, որի համար վերջին շրջանի պատմաիրավական նախադեպերը բոլորիս աչքի առջև են, բայց այժմ այդ տարբերակը քննարկելու նպատակ չունեմ: Շատ ավելի կարևոր է ևս մեկ անգամ թե մեր ամերիկյան, թե մեր ռուսաստանցի դիվանագետ բարեկամներին հիշեցնենք, որ իրական փոխզիջումների մասին հնարավոր կլինի խոսել միայն ազնիվ խաղի կանոններն ապահովելու դեպքում: Երբ հակամարտության ընթացքում առավել տուժած կողմերից մեկի՝ ադրբեջանահայ փախստականների արմատական իրավունքներն ու շահերը միտումնավոր կերպով անտեսվում են, ապա ստացվում է, որ խեղվում է հակամարտության ողջ պատկերը և մադրիդյան սկզբունքներն ընդամենը կոչված են ամրագրել այդ խեղվածությունը, իսկ դա անիմաստ է դարձնում փոխզիջումների մասին վեհ կոչերը,դրանք վերածելով վտանգավոր ճամարտակությունների, որոնք պարզապես քողարկում են կես միլիոն ադրբեջանահայերի շահերի փաստացի ոտնահարումն ու այդ միակողմանի անարդարության վրա հիմնված առաջարկվող “փոխզիջումային” լուծման կեղծությունը: Տարիներ ի վեր միջազգային կառույցները Հայաստանի չինովնիկներին գրոշներ են նետել հենց միայն այն բանի համար, որ մեր ազգային ջոջերը հոժարակամ համաձայնեն մոռացության մատնել հայ փախստականների խնդիրը, ծածկադմփոց անեն այն՝ փախստականների ինտեգրման կեղծ ծրագրերի թանձր մշուշում: Հայ փախստականների խնդիրը հնարավոր չի լինելու շրջանցել՝ տասնյակ հազարավոր փախստական ընտանիքների հետ անմիջական կապը հաստատված է և պահպանվում ու ընդլայնվում է, ուստի մի խորհուրդ էլ ես տամ՝ հարգելի համանախագահներ, դիվանագետներ, տեղացի չինովնիկներ, որքան շուտ սկսեք հայ փախստականների հարցով զբաղվել, այնքան շուտ կգանք համարժեք փոխզիջումներին:Եթե շարունակեք նույն ոճով, ապա դա կնշանակի…
Արման Մելիքյան