Հաճույք եմ ստանում ամերիկացի և ռուս բարձրաստիճան դիվանագետների հարցազրույցներն ու ելույթների տեքստերն ընթերցելիս՝ որչափ տարբեր են ոճական առումով և որքան նույնական, երբ դիտարկում ենք դրանք ըստ էության: Մինսկի Խմբի համանախագահ, դեսպան Ուորլիքի՝ արցախյան կարգավորման գործընթացի հեռանկարներին նվիրված վերջին հանրային ելույթն, այդ առումով, դասական է և ունի երկու շերտ՝ առաջին շերտը պարունակում է պնդումներ ու դիտարկումներ, որոնք հասցեագրված են հակամարտության վերաբերյալ մակերեսային պատկերացումներ ունեցող մարդկանց և կոչված են ցույց տալ, որ ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն Արցախի հարցում նպատակ ունի երկարաժամկետ և արդարության սկզբունքների վրա հիմնված խաղաղություն հաստատել ու սա դեսպան Ուորլիքի ելույթի, անկասկած, առավել հաջողված հատվածն է: Նշված ելույթում պարունակվող հարցադրումների երկրորդ շերտի հասցեատերերն այն մարդիկ ու հաստատություններն են, որոնք առավել իրազեկված են բանակցային գործընթացի մանրամասներից ու որոնցից՝ հայկական կողմերը ներկայացնողների մի զգալի մասը, կարծես թե, արդեն իսկ համաձայնել է կարգավորման այն բաղադրիչներին, որոնք հիշատակվում են դեսպան Ուորլիքի ելույթում: Ուշագրավ է, որ ամերիկացի համանախագահը ամենասկզբում հայտարարեց, որ հակամարտության պատմությունից չի խոսելու ու դրանով միանգամից փակեց հակամարտության ծագման պատճառները կարևորելու և դրա կողմերից յուրաքանչյուրի պատասխանատվության չափը ճշտելու անհրաժեշտության թեման՝ այսպիսով կարգավորման գործընթացը դուրս է բերվում իրավական հարթությունից և մնում քաղաքական լուծումների հույսին: Սա, անշուշտ, նորություն չէ՝ հենց այս մոտեցման վրա են հիմնված մադրիդյան սկզբունքները, որոնք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու նվազագույն հեռանկարն իրականում չեն պարունակում: Խոսելով խաղաղություն հաստատելու արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի հնարավոր ձեռքբերումների մասին պարոն դեսպանը Ադրբեջանի մասով հատուկ ընդգծում է փախստականների հիմնախնդրի լուծման կարևորությունը և մեկ բառով անգամ չի հիշատակում այն մասին, որ հայկական կողմը ունի ավելի քան կես միլիոն Ադրբեջանից բռանագաղթաց հայ փախստականների խնդիր: Այսպիսով, հավանաբար, պարոն դեսպանը փորձել է սրտացավ ունկնդիրների գիտակցության մեջ ամրագրել, որ փախստականների խնդիր ունի բացառապես միայն Բաքուն: Ուստի, երբ նա կրկին անդրադառնում է փախստականների ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունքն ապահովելու անհրաժեշտության մասին, այլևս հասկանալի է, որ խոսքը ադրբեջանցիներին է վերաբերում, քանզի հայ փախստականների մասին մարդն անհրաժեշտ չի համարել խոսել: Դեսպան Ուորլիքի ելույթի զարդն ու իսկական մարգարիտը, սակայն, տարածքային խնդիրներին վերաբերող խոսքն է՝ ամերիկացի համանախագահը գտնում է, որ ադրբեջանական վերահսկողությունից դուրս մնացած նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում գտնվող տարածքների համար մի կարգավիճակ պետք է որոշվի, իսկ այդ սահմաններից դուրս գտնվող ու հայերի վերահսկողության տակ անցած տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, բացառությամբ Լաչինի միջանցքի: Այսինքն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած նախկին ԼՂԻՄ-ի տարածքների ճակատագիրը քննարկման ենթակա չէ: Ամերիկացի և ռուս դիվանագետները գրեթե նույն ձևակերպումներն են տալիս տարբեր տարածաշրջաններում ընթացող հակամարտությունները գնահատելիս, սակայն աչքի են ընկնում այդ նույնական բանաձևերը տարբեր կերպ հասկանալ՝ տարընթերցումներն էլ ի հայտ են գալիս կոնկրետ գործողությունները ծրագրելու և իրականացնելու ժամանակ: Դեսպան Ուորլիքը անդրադարձել է նաև խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության մասին, որին Բաքուն դրական է արձագանքել: Հիմա տեսնենք, արդյոք սա նշանակելու է, որ Ռուսաստանն իր զորքերն Ադրբեջան մտցնելու պարտադրանքի տակ է ընկնելու, ինչպես դա եղավ Վրաստանի և Ուկրաինայի պարագայում…
Արման Մելիքյան