Ըստ սիրիական «SANA» պետական լրատվական գործակալության հաղորդման՝ Սիրիայի խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի նախագահ Մուհամադ Ջիհադ ալ-Լահամն ուղերձներ է հղել մի շարք «բարեկամական պետությունների» խորհրդարանների ղեկավարներին՝ կոչ անելով սեփական պատվիրակությունները և փորձագետներին ուղարկել՝ այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների գործընթացին հետևելու, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Ուղերձներում մասնավորապես նշվում է, որ, համաձայն երկրի նոր Սահմանադրության, ս.թ. հունիսի 3-ին Սիրիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնց մասնակցության համար դիմել են տարբեր քաղաքական կուսակցությունների և հոսանքների ներկայացուցիչ 24 թեկնածուներ (մայիսի 4-ին Սիրիայի Բարձրագույն սահմանադրական դատարանը հաստատել է նրանցից ընդամենը 3-ի թեկնածությունը):
Ալ-Լահամը նաև ընդգծել է, որ երախտապարտ կլինի, եթե այդ երկրների ներկայացուցիչները մասնակցեն և հետևեն ընտրական գործընթացին, որն Արաբական Հանրապետության պատմության ողջ ընթացքում անց է կացվում մրցակցային հիմքով:
Ուղերձներն ուղարկվել են հետևյալ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Բրազիլիայի, Վենեսուելայի, Կուբայի, Նիկարագուայի, Բոլիվիայի, Էկվադորի, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին:
Իսկ ուղերձն ընդունելու հարցում, կարծում եմ, ՀՀ խորհրդարանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի մի շարք հանգամանքներ: Կշեռքի նժարների վրա պետք է դնել մի կողմից, բնականաբար, Սիրիայի Արաբական Հանրապետության հետ ունեցած ավանդական բարեկամական հարաբերությունները, շուրջ 50-60 հազար թվաքանակով հայկական համայնքի առկայությունն այդ երկրում, ՀՀ հարևան և ռազմավարական գործընկեր պետությունների՝ Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի հետ կապված, մյուս կողմից՝ ներքին զինված հակամարտության պայմաններում ընտրական գործընթացի անցկացման պարագան, սիրիական ընդդիմության, ՄԱԿ-ի, Արևմուտքի բացասական գնահատականները՝ Սիրիայում ակնկալվող նախագահական ընտրությունների առնչությամբ:
Արմեն Պետրոսյան