Ուկրաինական ճգնաժամը Օդեսայի դեպքերից հետո էլ ավելի է խորանում և բարդանում: Ժամանակը ցույց է տալիս, որ ուժային լուծման ցանկացած փորձ պարզապես ավելի է բարդացնում ճգնաժամի արագ, խաղաղ և բոլոր կողմերի համար քիչ թե շատ ընդունելի հանգուցալուծումը:
«Արևելյան ճակատ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նիկոլայ Սոլնցևը հայտարարել է, որ Դոնեցքի իշխանությունները (նկատի ունի ինքնահռչակ «Դոնեցքի Հանրապետության» իշխանությունները) հայտարարել են հանրապետական բանակի առաջին գնդի կազմավորման մասին, որը պետք է միացնի առկա բոլոր ինքնապաշտպանական ջոկատները: Վերջինիս խոսքերով իր շարժման անդամներից արդեն 800 համալրել են այդ գնդի շարքերը:
Հասկանալի է, որ նման գործընթացները ներկայիս իրավիճակում անխուսաթփելի են: Եթե Ուկրաինայի իշխաությունները փաստացի օգտագործում են բանակը՝ ճնշելու «ապստամբ-ցուցարարներին», ապա այդ մարդկանց այլ ելք չի մնում քան ինքնակազմակերպվել և տալ հակահարված: Այս պարագայում նույնիսկ երկրորդական հարց է, թե ում ուղղակի աջակցությամբ: Նկատի ունեմ անկախ նրանից ռուսներն օգնում են այս հարցերում, թե՝ ոչ, ունեն ուղղակի ներգրավվածություն, թե՝ ոչ, հանգամանքներն այնպես են դասավորված, որ հարավ-արևելքում առկա այսպես կոչված ապստամբների կողմից միավորման ու ավելի կազմակերպված պայքար մղելուն ուղղված քայլերը դարձել են հրամայական:
Սրան ի հավելումն ցանկանում եմ նշել, որ վերջին դեպքերի համատեքստում Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկին էլ հարավարևելյան ութ շրջանների (Դոնեցք, Լուգանսկ, Դնեպրոպետրովսկ, Զապորոժիե,Խարկով, Խերսոն,Օդեսա, նիկոլաև) ղեկավարներին կոչ է արել հրավիրել ներշրջանային համագումար՝ քննարկելու ինքնապաշտպանության ուժերի համատեղ շտաբ ստեծելու մասին հարցը, որի նպատակն ըստ Կոլոմոյսկինի այս շրջաններում մարդկանց իրավունքների պաշտպանությունն է:
Սա էլ իր հերթին ապացուցում է, որ ուժային միջոցները ոչ միայն արդյունավետ չեն, այլ դեռ մի բան էլ սադրում են հարավարևելյան շրջանների միավորումը: Այս համտեքստում հարկ է նշել, որ Դնեպրոպետրովսկը մինչ այժմ այդքան էլ ակտիվ չէր դաշնայնացման համար մի շարք այլ հարավարևելյան շրջանների կողմից տարվող պայքարում, բայց արի ու տես, որ վերջին զարգացումներից հետո, հենց այս շրջանն է, որ միավորման կոչ է անում մյուսներին:
Վաղուց արդեն շատերը խոսում են Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի դե ֆակտո ընթացքի մասին, սակայն ինքս միշտ փորձել եմ խուսափել նման ձևակերպումներից, բայց վերջին դեպքերից հետո ստեղծված և ստեղծվող իրավիճակը ուզենք թե չուզենք նմանվում է ոչ ավելի ոչ պակաս քան դասական քաղաքացիական պատերազմի: Կիևն արդեն իսկ գործում է տվյալ տրամաբանությամբ՝ իրականացնելով այսպես կոչված ուժային հատուկ գործողություններ, իսկ երկրի հարավ-արևելն էլ իր հերթին պատրաստվում է պատշաճ հակահարված տալ Կիևին ինքնակազմակերպման և միավորման միջոցով:
Դժբախտաբար իրականությունը հոռետեսական է:
Հայկ Թամրազյան