Ուկրաինան փաստացի գտնվում է քաղաքացիական պատերազմի
շեմին և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը բավականին ջանք ու հնարավորություններ է օգտագործում մի կողմից թույլ չտալու, որպեսզի Հայաստանի և Կիևում իշխանությունը զավթած թիմի միջև հարաբերությունները վերջնականապես վատանան, քանզի Ուկրաինայում ապրում է կես միլիոնից ավել հայ, որոնց անվտանգությունը և բարեկեցությունը ուղղակիորեն կապված է Հայաստանի և Ուկրաինայի հարաբերություններից, մյուս կողմից Անդրանիկ Մանուկյանը փորձում է Ուկրաինայում ապրող հայերի համար տեղում անվտանգության խնդիրներ լուծել: Այս ամենի պարագայում փոխանակ մենք բոլորս թև ու թիկունք լինենք դեսպանին, հակառակը՝ որոշ հայկական լրատվական կայքեր անընդհատ թիկունքից հարվածում են առաջին գծում գործող դեսպանին՝ տպագրելով այնպիսի նյութեր, որոնց պատճառով Անդրանիկ Մանուկյանը կարող է խնդիրնր ունենալ Կիևում: Չեմ կարողանում հասկանալ այդ կայքերի՝ նման քայլեր կատարելու դրդապատճառները կամ չեմ ուզում հասկանալ:
Հ.Գ. Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում պաշտպանում է Հայաստանի շահերը՝ անկախ այն բանից, թե ով է այդ պետության իշխանության ղեկին: Եթե նախագահ Յանուկովիչը լիներ այնչափ դաժան և մարդատյաց, որքան այսօրվա կիևնյան իշխանավորները, նա զորք կհաներ սեփական ժողովրդի դեմ, դաժանաբար կցրեր Մայդանը և այսօր Ուկրաինան կլիներ ամբողջական, իսկ ժողովուրդը չէր տառապի: Ի տարբերություն Յանուկովիչի, այսօրվա իշխանավորները կրակում են սեփական ժողովրդի վրա: Յանուկովիչը, ով չկրակեց սեփական ժողովրդի վրա, համարվում է պրոռուսական գործիչ, իսկ այսօրվա ղեկավարները, ովքեր կրակում են սեփական ժողովրդի վրա, համարվում են արևմտամետ ուժեր: Սա է ռուսական և արևմտյան պատկերացումների տարերությունը քաղաքական խնդիրներ լուծելու ճանապարհին:
Մենուա Հարությունյան