Ասում են՝ սիրիական վարչակարգի դեմ հանդես եկող զինված ընդդիմությանն ի վերջո հաջողվել է երկրի հարավում ստեղծել մեկ միասնական ճակատ՝ ոչ ավել, ոչ պակաս 30 հազար զինյալներից կազմված. խոսքը վերաբերում է Հորդանանին սահմանակից շրջանում, Գոլանի բարձունքների և Դամասկոսի մերձակայքում գործող թվով 55 տարաբնույթ հակակառավարական զինված խմբավորումների միավորմանը:
Իսկ ամենաուշագրավն այն է, որ մինչ այս սիրիացի զինյալներին ռազմական աջակցություն ցուցաբերելուց խուսափող արևմտյան պետություններն արդեն իսկ սկսել են նոր հեռահար սպառազինությունների մատակարարումներն. փաստորեն Բաշար ալ-Ասադի վարչակարգին տապալելու ծրագիրն առավել կարևոր է հատկապես ԱՄՆ-ի կողմից մինչ այս ներկայացվող այն մտավախություններից, որ այդ զինատեսակները կարող են հայտնվել «ալ-Կաիդայի» հետ առնչություններ ունեցող խմբավորումներին:
Ավելին, աստիճանաբար առավել համակարգված բնույթ է ստանում նաև զինյալներին ցուցաբերվող թիկունքային տարաբնույթ օժանդակությունը հատկապես Հորդանանի, նաև Թուրքիայի և Իսրայելի տարածքներից:
Որպես ասվածի ապացույց՝ կարելի է նշել վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիսում, մասնավորապես Լաթակիայի և Հալեպի, իսկ հարավում՝ Դամասկոսի և ալ-Կունայտրայի նահանգներում ակտիվացած ռազմական գործողությունները: Եվ եթե հյուսիսում հաջողությունը մասամբ կառավարական ուժերի կողմն է, ապա մյուս ճակատում զինյալները նախաձեռնել են Դամասկոսից մոտ 45 կմ հյուսիս-արևելք գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող ալ-Դումայրի ռազմական օդանավակայանի դեմ գրոհին, որի գրավումն, ըստ ռազմական փորձագետների, էականորեն կարող է ազդել Դամասկոսի նահանգում ստեղծված իրավիճակի վրա. ներկայում օդանավակայնի գործունեությունը դադարեցված է: Իսկ մինչ այս հակակառավարական ուժերին հաջողվել է արգելափակել Դամասկոս-Բաղդադ մայրուղին, որտեղից սիրիական իշխանությունները կարողանում էին տարաբնույթ աջակցություն և համալրումներ ստանալ:
Փաստորեն աստիճանաբար իրականություն է դառնում սիրիական վարչակարգի արտաքին հակառակորդների կողմից համակարգվող «Հարավային ճակատի» կազմակերպման ծրագիրը, որի վերջնական նպատակն է մայրաքաղաք Դամասկոսի դեմ ամենագլխավոր գրոհի կազմակերպումը: Հունիսի 3-ին նախանշված նախագահական ընտրություններին ընդառաջ Սիրիայում վճռորոշ ճակատամարտերի շարք է սպասվում, որի շրջանակներում որևէ ձևաչափով ուղղակի արտաքին միջամտությունն այլևս անակնկալ չի կարող դիտարկվել:

 

Արմեն Պետրոսյան