Երկու օրից կլրանա ՀՀ կառավարության ձևավորման համար Սահմանադրությամբ սահմանված 20օրյա ժամկետը: Արդեն իսկ համարյա կազմավորված է կառավարությունը:Կազմված կառավարության նոր դեմքերն անհայտ չեն հանրությանը, ուստի նրանց արած աշխատանքը բոլորս ենք տեսել ու գնահատել: Սակայն այստեղ կա մեկ այլ նրբություն, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրում ժամանակին հանդես է եկել որպես լավ նախարար, այդ մասին են վկայում նրա վարչապետ նշանակելու փաստն ու նաև 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի գնահատականը վերջերս տված հարցազրույցում:
«Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար և փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»,-ասել էր Քոչարյանը:
Հ. Աբրահամյանը լավ է աշխատել նաև որպես ՀՀ ԱԺ նախագահ: Այսպիսով, ընդունված 100 օրյա փորձաշրջանը վերաբերում է միայն վարչապետին, քանզի վերանշանակված նախարարները և փոփոխվածներն արդեն իսկ հայտնի են, թե ինչ կարող են անել: Անհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը կկարողանա շարունակել նախորդ կառավարության բարեփոխումներն այնպես, որ դրանք դրական ազդեն ՀՀ տնտեսության վրա, և մեղմեն ժողովրդի զայրույթը: Զարգացնել տնտեսությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, հանդես գալ համարձակ ծրագրերով, ստեղծել աշխատատեղեր, առողջ գործարար մթնոլորտ, վերացնել հովանավորչությունը, և այս շարքը անվերջ կարելի է թվարկել, որը չկարողացավ հաղթահարել Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը:
Այնուամենայնիվ, միակ խոհեմ քայլը սպասելն է ՀՀ վարչապետի 100 օրվա ժամկետի ավարտին, որից հետո կարելի կլինել գոնե մեկնարկից հասկանալ կառավարության հետագա ճակատագիրը: Այս առումով կարևոր է նաև կառավարության ներկայցվելիք ծրագիրը, որը կլինի սկիզբը: Նորանշանակ վարչապետն ունի բոլոր հնարավորույթուննները լավ ղեկավար լինելու, դրա համար նախապայման է նաև այն, որ ընդդիմությունն ևս չի խանգարելու նրան, քանի որ միայն պոպուլիստական ելույթները, որոնց հիմնական նպատակն է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համար միավորներ հավաքելը և այդ քննադատություններն էական վնաս չեն հասցնելու, առավել ևս, որ ժողովուրդն արդեն գնահատում է կոնկրետ գործը և շոշափելի հաջողությունները բոլոր ոլորտներում:Ինչևէ, սպասենք 100 օրվա ավարտին ու հուսանք, որ ոչ թե կքննադատենք վարչապետին, այլ կմատնանշենք այն թերությունները, որոնք բաց է թողնվել կամ չի նկատվել, այսպիսով այս փորձաշրջանը համարելով Հովիկ Աբրահամյանի փորձաշրջան, միացնենք ժամանակացույցն ու հետևենք ընթացքին:

 

 

Անդրանիկ Թանգամյան