ԱԺ ընդդիմադիր եւ չիշխանական խմբակցությունները պետք է միասնական թեկնածու առաջադրեին ԱԺ նախագահի պաշտոնում, միահամուռ ելույթներ ունենային նրա օգտին եւ մասնակցեին քվեարկությանը՝ ապացուցելով, որ նման կարեւոր հարցերում «թռնող» ձայներ չունեն: «Ազատ թողնված» քվեարկության հետեւանքերը միանգամայն ձեռնտու են լինելու ՀՀԿ-ին ու նրա թեկնածու Գալուստ Սահակյանին:
Նախկին գումարման խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցությունը մշտապես առաջադրում էր թեկնածուներ թափուր տեղերի համար՝ հանրությանը ի ցույց դնելու համար իր/սեփական թեկնածուի առավելությունը, շահեկան տարբերությունը իշխող կոալիցիայից ու նրա թեկնածուից, թեպետ հրաշալի գիտակցելով, որ իր թեկնածուները չեն ընտրվելու: Սակայն դա դառնում էր հանրությանը համակարգային խոսք ներկայացնելու, ծրագրային տարբերություն, անձնական/մարդկային որակներ ընդգծելու մի լավ հնարավորորություն: Ցավալի է, որ այս գումարման խորհրդարանում հինգ չիշխանական ու ընդդիմադիր խմբակցությունները միասին վերցրած նախ ավելի քիչ դիմադրություւն են ստեղծում իշխանության համար, ավելի վատ են օգտագործում հնարավորությունները, քան նախկին խորհրդարանում 7 մանդատ ունեցող միակ ընդդիմադիր «Ժառանգությունը»: Տպավորություն է, որ խմբակցությունների քառյակը ընդամենը կարող է վարչապետի անձի դեմ համախմբվել, եւ ոչ ավելին: Նախագահի հրաժարականի հարց հարուցելու ուտոպիայի մասին էլ չասենք:
Եթե իշխանական եւ ընդդիմադիր ուժերը ԱԺ նախագահի ընտրությունները վեր են ածում 2013թ. նախագահական ընտրությունների կրկնության /չմասնակցելով, բոյկոտելով կամ այլ թեկնածուի չսատարելով/, ապա մնում է միայն ցավով արձանագրել, որ արդյունքն էլ նույն է լինելու, ինչ 2013թ., որը լինելու է միանշանակ իշխանության օգտին:
Եթե ընդդիմությունը ավելի վատ է կազմակերպված, ավելի քիչ հասուն է ու քիչ առաջադեմ, քան իշխանությունը, այդպիսի ընդդիմությանը ոչ մեկ չի վստահելու եւ այդպիսի ընդդիմությունը երբեք չի հաղթելու:
Սրա հետ մեկտեղ թույլ տալ, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովում իշխանությունը ավելացնի իր ներկայացուցիչների քանակը, նշանակում է զիջել այն դիրքերը, որոնք գոնե մենք ունեինք նախորդ գումարման խորհրդարանում: Քաղաքական իշխանության համակարգում ընդդիմության ու ժողովրդի դիրքերը առաջ տալու փոխարեն միայն դիրքեր են զիջվում տպավորիչ «հայհոյախոսության» քողի տակ:
Ստյոպա Սաֆարյան