Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպումների շարքը: Ինչպես հիշում եք առաջին օրը' ապրիլի 24-ին նախագահ Սարգսյանը ևս ելույթ ունեցավ և ուղղակիորեն անդրադարձ կատարեց հայ-թուրքական հարաբերություններին և փակված սահմանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, ով ևս ներկա էր այդ հանդիպմանը շտապեց արագ Թուրքիայի «թասիբին կանգնել»: Ալիևը սովորության համաձայն սկսեց «լաց ու կոծը» իրենց այսպես ասած «օկուպացված տարածքների մասին»' ներկայացնելով դրանք որպես հիմնական պատճառ հայ-թուրքական սահմանի փակման համար:
Իլհամ Ալիևն իր ամբողջ ելույթի ժամանակն օգտագործեց սեփական քարոզչական նպատականերով' խեղաթյուրելով ամբողջ պատմությունը և մեղադրելով Հայաստանին ագրեսիայի մեջ: Նա ասաց թե իբր հենց Հայաստանի «ագրեսիան» է պատճառը, որ Թուրքիան փակեց իր սահմանը Հայաստանի հետ 1993թ-ին: Վերջինիս խոսքերով Հայաստանը խախտել է միջազգային իրավունքի բոլոր հնարավոր նորմերը' «օկուպացնելով իրենց տարածքի 20%:» Բայց գիտեք ինչ, այս ամենի մեջ ամենահետաքրքիրը մեր հարևան երկրի ղեկավարի ելույթի վերջին մասն էր: Վերջում Ալիևը բավական վրդովված մի քանի հարց բարձրացրեց, որոնք իբր շատ են մտահոգում հասարակ ադրբեջանցուն: Օրինակ, ինչո՞ւ Միջազգային հանրությունը ոչ մի պատժամիջոց չի կիրառում Հայաստանի նկատմամբ, ինչո՞ւ Հայաստանին չեն զրկում ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, եթե Հայաստանը խախտել է միջազգային նորմերն ու կոնվենցիաները:
Կարծում եմ Ադրբեջանի դիկտատորի ելույթի վերջին մասը միայն ամեն ինչ արժեր: Հենց միայն դրա համար կարելի էր անդրադառնալ այս թեմային: Փորձեմ պատասխանել Իլհամ Հեյդարօղլուին: Հարցին կպատասխանեմ հարցով: Պարոն Ալիև, Իսկ գուցե Հայաստանը ոչ մի միջազգային նորմ էլ չի՞ խախտել և դրա համար էլ ոչ մի պատժամիջոց մեր հանդեպ չի կիրառվում: Այլ կերպ ասած գուցե Միջազգային հանրությունը համակարծի՞ք չէ հակամարտության էության Ձեր ընկալման հետ: Սա չափազանց կարևոր հանգամանք է, որը հաշվի չառնելը կնշանակի թերի ընկալում ունենալ հակամարտության բնույթի վերաբերյալ:
Կարծում եմ այսքանով կարելի է թեման փակված համարել: Թող Ալիևն ու մտահոգ ադրբեջանցիները այս հարցերի շուրջ ևս մտածեն մինչև, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին երազանքներ կփայփայեն:
Հայկ Թամրազյան