Չգիտեմ վերեւներում ինչ են մտածում, բայց ժամանակ առ ժամանակ հեռուստաընկերություններում հայտնվում են մարդիկ ու խոսում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի հզոր ֆիլմ ստեղծելու անհրաժեշտության մասին: Հոլիվուդյան մակարդակի մի ֆիլմ, ինչպիսին է, ասենք, հրեաների պատվերով ստեղծված Սթիվեն Սփիլբերգի ,,Շինդլերի ցուցակը,, /որի սցենարիստն, ի դեպ, հայ է/:
Այսպես, տարիներով խոսում են, իսկ 100-ամյակը քթներիս տակ է:
Մտածում ես՝ լավ, մի՞թե այդ գումարը հնարավոր չէր գտնել եւ պատվիրել հե՛նց Սփիլբերգին՝ պատմական փաստերի հիման վրա հայության մեծագույն ողբերգությանը նվիրված ֆիլմ նկարելու համար: Մանավանդ, հայտնի է՝ ,,Շինդլերի ցուցակ,,-ով հրեաներն ինչպես ցնցեցին աշխարհը, որի բյուջեն 200 միլիոն դոլար է:
Ասենք, եթե իշխանությունների ուղեղում չծնվեր Սփյուռքի նախարարություն կոչված փուչ կանտորան, որի վեց տարվա գերատեսչական ծախսերը պետբյուջեի վրա բավական թանկ են նստում՝ այդ հսկայական գումարները կխնայվեին 100-ամյակի ֆիլմի համար: Բացի այդ, հազարումի անիմաստ գումարային վատնումներ կարելի է նշել, որ արձանագրվել են անցած տարիներին. Վերահսկիչ պալատի բացահայտումներից մինչեւ բիոզուգարաններ ու ցողունային թերապիայի վրա ծախսվող հսկայական գումարներ, նաեւ՝անհեթեթ ծրագրերի վրա մսխվող միլիոնավոր դոլարներ...Էլ չասած քեշիշյաններին շաբաշ արվող 7 միլիոն դոլարի մասին, որ իշխող ուժն իրեն գովազդող ֆիլմ ունենար:
Այս ամենը կարելի էր խնայել ու հիմա Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն արդեն պատրաստ կլիներ:
Բայց դե նման ,,զոհողությունների,, կարող են գնալ միայն արժանապատվություն ունեցող իշխանությունները:
Իսկ ես չգիտեմ էլ, թե ում մասին եմ խոսում...
Կիմա Եղիազարյան