Մոտ մեկ ժամ առաջ վերադարձա Ծիծեռնակաբերդից: Կիսվեմ տպավորություններով՝ մի փոքր ձևափոխելով անցյալ տարվա գրառումս, որովհետև, ի ցավս, գրեթե ոչինչ չէր փոխվել.
Ամեն անգամ Ծիծեռնակաբերդ գնալիս՝ ականջներիս մեջ լսում եմ պապուս մոր լացը, երբ նա՝ վշտից խելագառված, տանով մեկ բղավում էր. «Կապե՛ք, կապե՛ք, բողչեքը կապե՛ք, թուրքը տուն մտավ... Բագրատս թոնդիր ընկավ... Սոֆոս թոնդիր ընկավ...», ու աչքերիցս անմիջապես արցունքներ են հոսում, ուզում եմ այնպես ուժեղ գոռալ, որ Ամբողջ աշխարհը լսի վշտիս ձայնը:
Առհասարակ, ապրիլի 24-ին չեմ սիրում Ծիծեռնակաբերդ գնալ, քանի որ մարդկանց մի որոշ զանգվածի պահվածքն ինձ շատ է զայրացնում...
1. Մարդիկ սկսել են գնալ գնալու համար: Հասկանում եմ, որ 99 տարի է անցել, ու էլ շատերի աչքերում չես տեսնում այն ցավը, որը կար տարիներ առաջ: Բայց ի՞նչ է նշանակում «հռհռալ», անեկդոտ պատմել, «սեմուշկա չռթել» կամ ինչ-որ այլ գռեհկություն, լակոտություն կամ անդաստիարակություն ցուցաբերել գնալուց: Հեռախոսային զրույցներ. «Ախպե՛ր, հիմա չեմ կարա: Եղեռն եմ եկել»... Հետո լրիվ հասկանում ես, որ իրենց «Եղեռն եմ եկելը» նշանակում էր «Եղեռն բնության նկատմամբ». հարյուրավոր տոպրակներ, թղթի կտորներ, ուտելիքի մնացորդներ խոտերի մեջ, այն պարագայում, որ այդքան աղբարկղեր կան տեղադրված.. Հարգելինե՛րս, այդքան դժվա՞ր է մեկ-երկու մետր ավել գնալ, որպեսզի աղբը նետեք աղբարկղի մեջ, այլ ո՛չ թե ծառների տակ, ո՛չ թե խոտերի մեջ:
2. «Տեսա՞ր ով էր եկել»... Այնպես զարմացած են ասում, կարծես ինչ-որ հերոսություն է արել, տարվա «Դավիթ Բեկ»-ն էր: Հարգանքի տուրք մատուցելը չպետք է զարմացնի, չպետք է որպես հերոսություն դիտարկվի... Կամ ոմանք հատուկ «աֆիշ են անում», մոլ տեսե՛ք, տեսե՛ք, մենք եկել ենք, տեսնո՞ւմ եք ինչ լավն ենք մենք, մենք Ծիծեռնակաբերդ ենք եկել, ծաղիկ ենք դրել... Զզվելի է...
3.Ձեր Աստծուն մեռնեմ, ասենք, Արմենչիկի համերգին չէք գնում, գնում եք հարգանքի տուրք մատուցելու իմ պապերիս ու տատերիս հիշատակին, մյուս շատ շատերի տատեր-պապերի հիշատակին, ԿՈՏՈՐՎԱԾ հայերի հիշատակին: Մի քիչ մարդ եղեք, ձեր դուրը հաստատ չի գա, որ մեկը գա ձեր հարազատի հիշատակի կոթողի մոտ (օրինակ՝ գերեզմանաքարի) շիշ, անձեռոցիկ, "բուտեռբռոդի պոչը", "սիմուշկա" ու "սոկի բանգա" գցի...
Հազար ներողություն, բայց ես նման բաներից զզվում ու չեմ ընդունում: Նողկում եմ, որ խոզությունը սովորական է դարձել... Ուղեղիս մեջ էլ չի տեղավորվում այդ ամենը...
Աստված օրհնի նրանց, ով չի գալիս իրեն ցույց տալու ու լափլփելու համար, այլ գալիս է, որովհետև իր պարտքն է դա համարում ու իրեն նորմալ է պահում՝ նորմալ բառի լայն իմաստով:
/©Հովազ/

 

Ալբերտ Ունուսյան