Ես արեւմտահայի թոռ եմ։ Իմ պապերը գաղթել են Մուշից։ Պապիս եղբայրը հայդուկ է եղել, աժդահա տղամարդ։ Մեն-մենակ հաղթել է իր տան վրա հարձակված 12 թուրքի։ Հետո եկել է ոհմակը, ու ընտանիքի աչքի առաջ Հսկա Հարութին մաս-մաս են արել։ Ինձ մանկության տարիներից պատմել են Էրգրի մասին։ Ես տեսել եմ, թե ինչ կարոտով, սիրով է պապս խոսում Մուշի, մեր փողոցի, մեր տան մասին։ Այդ պատկերը՝ իմ տան պատկերը, իմ սրտում է, իմ արյան ու հոգու մեջ։ Ես ծնվել եմ Երեւանում, սակայն ես երեւանցի չեմ, ես մշեցի եմ։ Ես հայ եմ, որից խլել են իր հայրենիքը, իր տունը։ Մեր տան պատկերը ես փոխանցելու եմ որդուս, ամեն ինչ անելու եմ, որ նա էլ իր զավակին փոխանցի, որպեսզի քանի սերունդ էլ անցնի, մեր մեջ չմարի կորստի զգացողությունը, չհաշտվենք կորստի հետ։ Գուցե շատերը չհամաձայնեն ինձ հետ, բայց ես այն կարծիքին եմ, որ մենք պիտի ավելի լավ ճանաչենք Արեւմտահայաստանը, ավելի շատ սիրենք, քանի որ, ի տարբերություն Արեւելահայաստանի, այն վտանգված, անպաշտպան, բռնադատված հայրենիք է՝ օտարի ձեռքին, օտարին գերի։ Մենք պիտի դպրոցում Արեւմտահայաստանի մասին լսենք-սովորենք ավելի ծավալուն, մանրամասն, պիտի իմանանք այդ նվիրական տարածքի յուրաքանչյուր հատվածը ու պիտի պաշտենք մեր հողը։

 

ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
սերժանտ