Հունաստանի հայ համայնքում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ էլ ապրիլի 24-ին համայնքը կհամախմբվի՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին: Միջոցառումների ծրագիրն անցկացվելու է երկու ավանդական՝ Ռամկավար-ազատական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների համատեղ ջանքերով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՌԱԿ Հունաստանի գրասենյակի ներկայացուցիչ Գալուստ Ռուստեմյանն ասաց, որ ապրիլի 24-ին Աթենքի «Հայկական զանգակատուն» հուշարձանի մոտ տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն: Միջոցառման նախաձեռնողներից է նաեւ Հունաստանի կառավարությունը: Կառավարության, խորհրդարանի եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն հոգեհանգստյան արարողությանն ու, ամենայն հավանականությամբ, հանդես կգան ելույթներով: «Նման միջոցառում անցկացնելը դարձել է ավանդական: Քանի որ Հունաստանի խորհրդարանն ընդունել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ապա կառավարության համաձայնությամբ է տեղի ունենում հոգեհանգստյան արարողությունը, եւ նրանք մասնակցում են հիշատակի միջոցառմանը»,- ասաց Ռուստեմյանը:
Հոգեհանգստյան արարողությունից հետո հայ համայնքի ներկայացուցիչները կշարժվեն դեպի Հունաստանում Թուրքիայի դեսպանատուն եւ բողոքի ակցիայի միջոցով կոչ կանեն Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը, ճանաչել շուրջ մեկ դար առաջ իրականացրած ցեղասպանությունն ու պատասխանատվություն կրել հետեւանքների վերացման համար:
Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի ապրիլի 27-ին կայանալիք դասախոսությամբ: Մտավորականների, քաղաքական եւ հասարակական գործիչների մասնակցությամբ տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն, որտեղ կներկայացվեն ջարդերի պատմությունն ու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:
Հունաստանում 2010 թվականի տվյալներով բնակվում է 35-40 հազար հայ: Գործում են 10 առաքելական, 2 կաթոլիկ, 2 ավետարանական եկեղեցիներ, 4 ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Հայ կապույտ խաչ, Հայ գթության խաչ, Հովարդ Կարագյոզյան հաստատության Հունաստանի մասնաճյուղը, երիտասարդական և պատանեկան միություններ, Համազգային մշակութային, Հաճնի հայրենակցական, «Արաքս», «Արարատ» միությունները, Հայ դատի հանձնախումբը։ Ներկայումս լույս են տեսնում «Ազատ օր» (1945-ից), «Նոր աշխարհ» (1969-ից), «Ժողովրդային պայքար» (1982-ից), «Դրոշակ», «Բռունցք» (1991-ից), «Երիտասարդական կանչ» (1995-ից) պարբերականները։ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.։ 1996թ. Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

 

Վրեժ Հովսեփյան