Դիարբեքիրում կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Հայոց ցեղասպանության տարիներին Դիարբեքիրից Ֆրանսիա գաղթած հայերի լուսանկարները: Ցուցահանդեսը, որը կմեկնարկի ապրիլի 24-ին, կկրի «Աքսորի դիմանկարներ» խորագիրը:

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը: Ցուցահանդեսում կներկայացվեն 99 անձանց դիմանկարներ: Նախաձեռնության հեղինակները հայ-ֆրանսիական քաղաքացիական կազմակերպության ներկայացուցիչներն են, ովքեր նախքան ցուցահանդեսի մեկնարկը հանդես կգան մամուլի ասուլիսով:

Նախաձեռնության հեղինակներից մեկը' Մարսելում գործող «ԱՐԱՄ» ընկերության ներկայացուցիչ Վարուժան Արթընը, պատմել է. «Այդ ժամանակաշրջանում Թուրքիայից փախած հայերից ոմանք անձը հաստատող փաստաթուղթ չունեին: Այդ պատճառով, եկեղեցու աջակցությամբ նրանց համար անձնագրեր պատրաստելու նպատակով լուսանկարներ են արվել: Եվ երբ նրանց հարցրել են իրենց անունը, հայերի մեծ մասն իրենց անունն ասելուց առաջ հայտնել է, որ Դիարբեքիրից են ու տվել են իրենց գյուղերի անվանումները: Մենք, հանուն հայ-թուրքական հարաբերությունների զարգացման, նման նախագիծ սկսեցինք, որպեսզի խորհրդանշական լիներ' ցեղասպանությունից փախած 99 հայերի լուսանկարներն իրենց երկիր բերեցինք»: Նա նաև նշել է, որ նման օրինակ ցուցահանդես Դիարբեքիրում կազմակերպվում է առաջին անգամ:

 

Վրեժ Հովսեփյան