Ադրբեջանի կողմից, սպառազինության մեծածավալ գնումների ու առաջնագծում դրսևորվող ակտիվության պայմաններում, կարևոր է հասկանալ, թե ինչ քայլեր է ձեռնարկում հայկական կողմը, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ու ընդհանուր դիմակայության մեջ առավելություն ձեռք բերելու համար:
Հանրապետության նախագահի' ՊՆ կատարած այցի շրջանակներում, պաշտպանության նախարարն ու նրա տեղակալները ներկայացրել են ոլորտում իրականացվող հիմնական աշխատանքները:
Պայմանականորեն ՊՆ-ից եկող հիմնական մեսիջները բաժանենք երեք խմբի.
Առաջին, ՊՆ կատարած այցի շրջանակներում, նախագահին ներկայացվեց ռազմաարդյունաբերական համալիրի թողարկած արտադրանքը, որոնք աստիճանաբար համալրում են ՀՀ ԶՈՒ սպառազինությունը: Հայրենական արտադրության կազմակերպումը ոչ միայն խթան է տնտեսության զարգացման, այլ գիտական ներուժի օգտագորման տեսանկյունից: Հեռանկարում Հայաստանում արտադրվող ռազմաարդյունաբերական սպառազինության արտահանումն է' նվազագույնը ՀԱՊԿ անդամ երկրներ:
Երկրորդ, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «ՀՀ զինված ուժերը հաջողությամբ իրականացրել է շփման գծում մարտական հերթապահությունը' դիրքերի ինժեներական կահավորման, շրջանաձև պաշտպանության ձևավորման, հակադիվերսիոն և պատժիչ գործողությունների, խելացի պաշտպանության կազմակերպման միջոցով հակառակորդին պարտադրելով հրադադարի պահպանում' ռազմական զսպման միջոցով կառուցողական բանակցային դաշտ ապահովելու նպատակով»:
Առաջնագծում տեղակայված մարտական հենակետերն ու ինժեներական կառույցները մշտական արդիականացման կարիք ունեն, որի նպատակն այնպիսի կանխարգելիչ քայլերի իրականացումն է, ինչը անհնարին կդարձնի հակառակորդի ներթափանցում սահմանագծի հայկական հատված, ինչպես նաև' հնարավորինս անվտանգ կդարձնի մարտական դիրքերում ծառայություն կրող անձնակազմերի անվտանգությունը:
Երրորդ, դեռ նախորդ տարի ակտիվ տեղեկություններ էին շրջանառվում հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցների ձեռք բերման մասին: Եվ ահա, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Նախագահին զեկուցել է, որ «ուշադրություն է դարձվել բանակը սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցնելու գործընթացին, որի արդյունքում ձեռք են բերվել հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցներ' ավելացնելով զինված ուժերի կրակային հնարավորությունները»:
Ադրբեջանի համար ռազմական բյուջեի շարունակական աճն ու մեծաքանակ գնումները նաև արդյունավետ միջոց են ակտիվ քարոզչական քաղաքականություն իրականացնելու համար, հասկանալի է, սակայն երբեք պետք չէ թերագնահատել հակառակորդին' համարելով, որ այդ ձեռքբերումները միայն քարոզչական նպատակներին են ծառայելու:
Ադրբեջանի կողմից, ռազմական ոլորտում ցանկացած խոշոր գործարք կամ քայլ' անկախ այն հանգամանքից, թե ինչ փաթեթավորմամբ է այն մատուցվում, պետք է լուրջ վերլուծության ենթարկվի ու ըստ այդմ' համապատասխան քայլեր ձեռնարկվի:

 

Տիգրան Աբրահամյան