Երբ տարիներ առաջ ծանոթացա Հրանտ Վարդանյանի հետ' հարցրեցի նրան, թե ինչու է նա շրջում ռուսական արտադրության ավտոմեքենաներով, և նա պատասխանեց, որ երբ իր ընկերություններում աշխատող մարդիկ այնքան գումար կունենան, որ կկարողանան Mercedes կամ BMW վարել' այդ ժամանակ ինքն իրեն թույլ կտա ավելի շքեղ մեքենաներով շրջել:
Դրանից տարիներ անց նկատեցի, որ Հրանտ Վարդանյանն արդեն շքեղ Rolls Royce-ով է շրջում Երևանում և որոշեցի իմ աչքերով տեսնել, թե ինչպիսի ավտոմեքենաներ են վարում նրա աշխատակիցները. գնացի գործարան և նկատեցի, որ գործարանի բակում, որտեղ կայանում էին գործարանի աշխատակիցների ավտոմեքենաները' հիմնականում կայանված էին թանկարժեք ավտոմեքենաներ:
Ցավոք, այսօր մեզանից հեռացավ տեղական արտադրության հայկական բիզնեսի հիմնադիրներից մեկը, ով սակայն իր աշխատանքի արդյունքում մեզ թողեց հայկական բրենդ ունենալու և այն աշխարհի խոշորագույն բրենդների կողքին տեսնելու տեսլականը:
Պետության ամենակարևորագույն հենասյուներից մեկն այն մարդն է, ով աշխատատեղեր է ստեղծում և վճարում է հարկեր, այսինքն գործարարը, իսկ Հրանտ Վարդանյանը նաև բարերար էր, ով չէր սիրում խոսել այդ մասին:
Ափսոս...

 

Մենուա Հարությունյան