Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ին կայացրած ՍԴՈ-1142 որոշումից հետո, արդեն քանի օր է ներկայացվում են որոշումից առաջացող իրարամերժ և տարաբնույթ կարծիքներ ու յուրովի ընկալման հետևանքով որոշակի մեկնաբանություններ' կապված Սահմանադրական Դատարանի որոշման եզրափակիչ մասից առաջացող պահանջներից, որոնց գերակշռող մասը ներկայացվում են պաշտոնատար անձանց կողմից: Մինչդեռ, վերջիններս դրա իրավունքը չունեն, այն պարզ պատճառով, որ Սահմանադրական Դատարանի որոշումը հրապարակվել է Դատարանի նիստերի դահլիճում և դրա հետ մեկտեղ որևէ այլ հատուկ կարծիք չի հրապարակվել: Հետևապես, պետական պաշտոնյաների կողմից ներկայացված Սահմանադրական Դատարանի որոշմանը հակասող, իրարամերժ և տարաբնույթ, ինչպես նաև յուրովի ընկալման մեկնաբանությունները կարելի է դասել որպես «պետական հարկադրանքի» կարծիքներ: Նման մոտեցումը ակնհայտորեն հասարակության մեջ առաջացրել և առաջացնում է էլ ավելի մեծ անվստահություն դեպի Հայաստանի Հանրապետության իշխանություններին, այն պարզ պատճառով, որ շրջանառության մեջ դրված վիճարկվող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով փաստացի վտանգվում է անձի սեփականությունը, քանի որ այն ուղղակի կերպով անձից առանց վերջինիս համաձայնության և արտահայտած կամաարտահայտության խլում է անձին սեփականության իրավունքով պատկանող գումարը, որի արդյունքում տվյալ անձը հայտնվում է ոչ բարենպաստ սոցիալ-ֆինանսական վատթարացվող վիճակում, ինչն էլ հանգեցնում է անձի համար բացասական հետևանքների:
Նման մոտեցումը' անձի սեփականությունը վտանգի տակ դնելը, սեփական գումարը խլելը, ինչպես նաև անձի սոցիալ-ֆինանսական վիճակի վատթարացումը, փաստորեն շարունակվում է Սահմանադրական Դատարանի որոշման կայացումից հետո, քանի որ Սահմանադրական Դատարանի որոշման սխալ ընկալման և մեկնաբանման հետևանքով, կամ էլ այլ պատճառներից ելնելով, ըստ պետական պաշտոնյաների կողմից արված հայտարարությունների, շարունակվելու է հակասահմանադրական գործողությունների իրականացումը: Ավելին, նման մոտեցումից կարելի է նաև հասկանալ, որ Սահմանադրական Դատարանի կողմից կայացված որոշումները պետական պաշտոնատար անձանց համար որևէ նշանակություն չունեն: Ինչն էլ իր հերթին առաջացնում է այն կարծիքը, որ փաստորեն պետական պաշտոնյաների կողմից կարելի է Սահմանադրական Դատարանի որոշումը յուրովի մեկնաբանել կամ այն ընդհանրապես չկիրառել կամ կիրառել այնպես ինչպես ցանկալի է պետական պաշտոնյաների համար' ըստ իրենց ոչ իրավաչափ և հակասահմանադրական ընկալման, առանց մտածելու, որ դրանով ակնհայտ վտանգի տակ է դրվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի ուժով ամրագրված պահանջը, այն է. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ինչպես նաև 3-րդ հոդվածի 1-ին պարբերության ուժով ամրագրված պահանջը, այն է. մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Մինչդեռ, հիշատակված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-հոդվածի 3-րդ պարբերությամբ ասվում է, որ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով' որպես անմիջականորեն գործող իրավունք: Իհարկե ստեղծված իրավիճակից ելնելով, կարելի նաև, որպես կարծիք, այլ պատճառաբանություններ, հիմքեր ներկայացնել վերը նշվածը հիմնավորելու համար:
Սահմանադրական Դատարանի կողմից 2014 թվականի ապրիլի 2-ին կայացրած ՍԴՈ-1142 որոշմամբ, Դատարանը 1-5 կետերով որոշել է' «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին եվ 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված' 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները' այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամաարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր (որոշման 1-ին կետ): Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով' «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր (որոշման 2-րդ կետ): Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված' «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի' «…որի տնօրինման … կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր (որոշման 3-րդ կետ): Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված' «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի' «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» դրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող և անվավեր (որոշման 4-րդ կետ): Վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված' «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի' գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա սեփականության իրավունքը սահմանափակող դրույթը' գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի, 31 և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր' հաշվի առնելով նաև, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում քննության առարկա օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի (հարկային գործակալի) անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը (որոշման 5-րդ կետ):
Համաձայն Սահմանադրական Դատարանի որոշման 6 կետի, Դատարանը որոշել է' «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը' սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում' այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի' դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան:
Սահմանադրական Դատարանի որոշման 7-րդ կետի համաձայն' հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես' սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը' համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը' հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը' իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին: Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները' վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:
Համաձայն Սահմանադրական Դատարանի որոշման 8-րդ կետի, Դատարանը որոշել է' Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Կարևորելով Սահմանադրական Դատարանի կողմից կայացրած որոշման կետերի բոլոր պահանջները, այդուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում անրադառնալ որոշման մի քանի կետերին, չնայած որ, ինչպես նշեցի, Սահմանադրական Դատարանի որոշման մնացյալ կետերի սահմանումները ևս ունեն իրենց կարևորությունը:
Այսպես'պետք է փաստել, որ Սահմանադրական Դատարանը իզուր չէ իր որոշման 1-ին կետով նշել, որ օրենքի կոնկրետ դրույթներով չեն ապահովվում յուրաքանչուր անձի հայացողությամբ իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամաարտահայտությունից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, որն էլ հանգեցրել է օրենքի իրավանորմերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների պահանջներին հակասող Ճանաչելուն և անվավեր: Նշվածով Սահմանադրական Դատարանը ակնհայտ կերպով փաստել է, որ յուրաքանչյուր անձ իր սեփական աշխատավարձը պետք է տիրապետի, օգտագործի և տնօրինի միմիայն իր հայեցողությամբ և որևէ կերպ այն չպետք է առանց մարդու ազատ կամաարտահայտության ենթարկվի սահմանափակումների:
Հետևապես, առանց անձի համաձայնության «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից ելնելով չի կարող կատարվել անձի աշխատավարձից պահում և վտանգի տակ դրվել անձի սեփականության իրավունք հանդիսացող գումարի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը:
Ինչ վերաբերում է Սահմանադրական Դատարանի որոշման 2-րդ կետին, նշեմ, որ Սահմանադրական Դատարանը ուղղակի կերպով օրենքի վիճարկվող դրույթներից ելնելով փաստել է իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքների չամրագրման և օրենքից առաջացող իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքը, որից ելնելով էլ օրենքի իրավանորմը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների պահանջներին հակասող և անվավեր:
Անդրադառնալով Սահմանադրական Դատարանի որոշման 6-րդ կետով սահմանված պահանջին, որից ելնելով պետական պաշտոնյաների կողմից ներկայացվում է յուրովի ընկալման հետևանքով հակասահմանադրական դիրքորոշում, ապա պետք է նշել հետևյալը: Սահմանադրական Դատարանը սահմանելով, որ օրենքի մի քանի դրույթներ համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, հստակ շեշտադրում է արել, որ այդ դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիշյալ որոշման մեջ Սահմանադրական Դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում, այն սահմանադրաիրավական բովանդակությամբ համաձայն որի' դրանցով նախատեսված իրավական կարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան:
Այս դեպքում, տվյալ սահմանումով Սահմանադրական Դատարանը անվիճելի կերպով ևս արձանագրել է անձի սեփականության իրավունքի կարևորությունը և դրա իրացման իրավական պաշտպանվածությունը' ելնելով անձի հայացողության իրացման հնարավորությունից, որը կբերի անձի սեփականության իրավունքի պաշտպանվածությանը: Իսկ նշված Սահմանադրական Դատարանի որոշման 6-րդ կետն էլ նույն որոշման 8-րդ կետի հիմքով ուժի մեջ է մտել հրապարակման պահից:
Ինչ վերաբերվում է Սահմանադրական Դատարանի 7-րդ կետին, ապա այն առավել քան տարաբնույթ ընկալումների և յուրովի ու կամայական մեկնաբանությունների պատճառ է հանդիսացել պաշտոնատար անձանց մոտ, որը իմ խորին համոզմամբ ունի որոշակի դիտավորություն և ոչ իրավաչափ ու հակասահմանադրական նպատակներ: Ասվածը կայանում է նրանում, որ Սահմանադրական Դատարանը իր որոշման 7-րդ կետով սահմանել է իրավանորմերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու տեխնիկական կարգավորման ենթակա պայման և ժամկետ: Ինչպես նաև հաշվի է առնվել համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու կարևորությունը, որից ելնելով սահմանել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ' 2014 թվականի սեպտեմբերի 30: Ասվածը էլ ավելի պարզ է դառնում Դատարանի սահմանմամբ' … հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրենց' իրավասության շրջանակներում վիճահարույց օրենքի և դրա հետ համակարգային առումով փողկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին:
Ավելին, Սահմանադրական Դատարանը 02 ապրիլի 2014 թվականին վիճարկվող օրենքի վերաբերյալ կայացնելով որոշում և որոշման 1-5 կետերով իրավանորմերը ճանաչելով Սահմանադրությանը հակասող ու անվավեր, որն էլ համաձայն որոշման 8-րդ կետի' հրապարակման պահից մտնում է ուժի մեջ, սահմանել է Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ' 2014 թվականի սեպտեմբերի 30-ը: Ինչը իհարկե իրավական առումով որոշակի հակասություն է առաջացնում, որի հիմնավորումներին ըստ էության չէի ցանկանա անդրադառնալ' քանի որ ունենք այն, ինչ-որ ունենք և նույնիսկ իրավական գնահատական տալով որոշման որոշ հակասություններին, միևնույն է կայացված որոշումը հրապարակման պահից մտել է ուժի մեջ' առաջացնելով համապատասխան հետևանքներ:
Այդուամենայնիվ, ըստ Սահմանադրական Դատարանի կողմից կայացրած որոշման հիշյալ կետի, պետք է հիմք ընդունել այն մոտեցումը, որ ոչ թե Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմերը իրենց ուժը կորցնում են 2014 թվականի սեպտեմբերի 30-ին, այլ այդ իրավանորմերը որոշման կայացման պահից սկսած անվավեր են: Հետևապես, չեն կարող անվավեր ճանաչման պահից հետո գործել, քանի որ գործելու պարագայում կստեղծվի մի իրավիճակ, որից ելնելով էլ ավելի կխաթարվի իրավական անվտանգությունը' առաջացնելով բազմաթիվ բացասական հետևանքներ: Հետևաբար, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմերը իրենց ուժը կորցված են համարվում Սահմանադրական Դատարանի որոշման հրապարակման պահից սկսած, քանի որ, ինչպես վերը նշվեց, որոշման 8-րդ կետի համաձայն' որոշումը հրապարակման պահից մտնում է ուժի մեջ, այսինքն' 2014 թվականի ապրիլի 2-ին:
Ավելին, եթե նույնիսկ վերցնենք Սահմանադրական Դատարանի ներկայացված մոտեցումը, ըստ հիմնված իրավական դիրքորոշման, համաձայն որի որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, որը դարձել է, ինչպես արդեն վերը նշվեց, տարաբնույթ ընկալումների և մեկնաբանությունների պատճառ, ինչպես վերը նշվածից ելնելով, այնպես էլ նրանով, որ Սահմանադրական Դատարանը նման դիրքորոշում ներկայացնելիս, անտեսել է, որ որոշման համապատասխան կետերով ոչ թե իրավադրույթները ճանաչել է միայն Սահմանադրությանը հակասող, այլ նաև ճանաչել է անվավեր: Հետևապես, ևս մեկ անգամ կարելի է ասել, որ Սահմանադրական Դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ին կայացրած որոշմամբ իրավանորմերը ճանաչելով Սահմանադրությանը հակասող և անվավեր, նույն որոշման 8-րդ կետով ամրագրել է, որ որոշումը հրապարակման պահից մտնում է ուժի մեջ:
Այսպիսով, վերը նշվածից ելնելով, հստակ պետք է արձանագրել, որ Սահմանադրական Դատարանի որոշումը չպետք է տարաբնույթ և կամայական ու յուրովի մեկնաբանությունների արժանանա որևէ անձի, այդ թվում նաև պետական պաշտոնյաների կողմից, քանի որ որոշումը կայացված է անձանց իրավունքների պաշտպանությունից ելնելով և անձանց իրավունքների պաշտպանության իրականացման համար: Հետևապես, թե' պետական պաշտոնատար անձինք և թե' գործատուները պետք է ելնեն և գործեն միմիայն մարդկանց իրավունքներից ելնելով և որևէ կերպ չպետք է թույլ տան որպեսզի խախտվի անձանց իրավունքները: Միևնույն ժամանակ նաև անթույլատրելի կլինի պետական մարմինների կողմից գործատուների նկատմամբ հակասահմանադրական որևէ գործողությունների իրականացումը, որոնք կհանգեցնեն գործատուների իրավունքների խախտմանը, քանի որ դա նաև հանդիսանում է Սահմանադրական Դատարանի կողմից կայացված որոշման հրամայական: Ավելին, այստեղ կարևոր նշանակություն ունի նաև գործատուի մոտեցումը հիշյալ խնդրի վերաբերյալ և միանշանակ ողջունելի կլինի վերջինիս կողմից խնդրին իրավական ճիշտ մոտեցման ցուցաբերումը, որի արդյունքում կհարգվի և կպաշտպանվի աշխատողի իրավունքները: Իսկ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի, օրենսդիրը սահմանել է հետևյալ պահանջը' Սահմանադրական Դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Վերը նշվածը բխում է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների սահմանումներից: Մասնավորապես, Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սահմանադրության 3-րդ հոդվածը նշում է' մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն' Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Վահե Հովհաննիսյան