Երկու օր առաջ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը "Ժամանակ" թերթին տվել է բավական ուշագրավ հարցազրույց, որին պետք է անդրադառնալ, ու որը կարող է ներքաղաքական խորքային երևույթների վրա որոշակի լույս սփռել: Այսպես, պատասխանելով հարցին, թե Տիգրան Սարգսյանի հրաժարականը եղել է նրա ընդգծված եվրոպամետության արդյունք, նա նշել է, որ Արևմուտքի տեսակետից 6 տարին բավական երկար ժամանակ է, և արդեն հասունացել էր առաջ շարժվելու ժամանակը: Անգլիական դիվանագիտությանը պետք է շատ լուրջ վերաբերվել, որովհետև այն շատ խորքային իմաստներով ու ակնարկներով հարուստ է: Ուստի, եթե բացենք դիվանագիտական լեզուն, ապա կտեսնենք նրա ակնարկը, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը եղել է նաև Արևմուտքի համաձայնությամբ, քանի որ վարչապետն այլևս չէր բավարարում Արևմուտքին, գուցե ավելի շատ, քան Ռուսաստանին, որովհետև նա շատ լավ "փրոմոութ" էր անում Մաքսային միությունը: Եթե հավելենք նաև դեսպան Լիչի այն միտքը, թե նորանշանակ վարչապետի գործունեության առաջնահերթությունը պետք է լինի տնտեսության զարգացումը, ապա ամեն ինչ ավելի ամբողջական տեսք է ստանում: Սա նշանակում է, որ Արևմուտքն ուզում է ունենալ տնտեսապես զարգացած գործընկեր, որը կկարողանա որոշակիորեն դուրս մղել Ռուսաստանին տնտեսության ստրատեգիական ճյուղերից, ամրապնդել սեփական սուվերենությունը, որի արդյունքում էլ արևմտյան "գործիքակազմի" ներթափանցման հարմար հարթակ կբացվի: Հենց սա էր ակնարկում դեսպանը, երբ նշում էր, թե "եկել է առաջ շարժվելու ժամանակը": Մյուս կողմից էլ, սակայն, Արևմուտքի համար ավելի լավ է հստակ ռուսական արժեհամակարգով ու հայացքներով վարչապետ, քան եվրոպական հայացքներ կիսող, բայց ռուսական ձեռքեր սեղմող վարչապետ:

 

Արման Սահակյան