Երեկ Ժնևում Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ քառակողմ բանակցությունները (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ և ԵՄ ) տևեցին շուրջ յոթ ժամ, որի արդյունքում հնարավոր եղավ ստորագրել համաձայնագիր: Տվյալ համաձայնագիրն ըստ էության ուրվագծում է երկրում առկա ճգնաժամի լուծման ճանապարհը: Կարծես ձևավորվել է ընդհանուր ըմբռնում, թե ինչպես պետք է վերջ դրվի Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող այլևս արյունահեղությանը: Մյուս կողմից երբ լսում ես Ռուսաստանի, իսկ հետո հատկապես ԱՄՆ-ի հայտարարությունները, ապա պարզ է դառնում, որ շեշտադրումները այնուամենայնիվ տարբեր են: Այլ կերպ ասած համաձայնագրում առկա կետերի շուրջ ամեն կողմ ինչպես երևում է ունի իր առաջնահերթությունները և լրագրողների հետ հանդիպման ժամանակ յուրաքանչյուր կողմը շեշտը դնում է սեփական դիրքորոշմանն ավելի ձեռնտու կետերի վրա: Իսկ նման կեցվածքը վտանգում է վերընշված համաձայնագրի ամբողջական իրագործումը:
Տեսեք երեկ երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին լրագրողների հետ հանդիպեց և ներկայացրեց քառակողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, նա առաջին հերթին ասաց, որ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր անօրինական զինված խմբավորումները զինաթափվեն:Բնականաբար այս պարագայում խոսքը հատկապես վերաբերում է հարավարևելյան շրջանների ինքնապաշտպանական ուժերին: Այնուհետև Քերին ասաց, որ վերջիններիս կողմից գրավված շենքերը պետք է վերադարձվեն տեղական իշխանություններին: Ինչ վերաբերում է այսպես կոչված «ապսատմբների» ճակատագրին, ապա նրանց կշնորհվի համաներում, բացառությամբ այն մարդկանց, ովքեր գործելեն ծայրահեղ ծանր հանցանքներ: Նա վերջում աղոտ ձևակերպումներով նշեց նաև ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին:
Մինչդեռ, երբ Ռուսաստանին արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ ձեռք բերված պայմանավորվածություններին, վերջինիս դրանք ներկայացրեց միանգամայն այլ ուղղությունից: Ինչ խոսք նա ևս անդրադարձավ այն ամենին ինչին որ անդրադարձել է Քերին, սակայն Լավրովը շեշտը դրեց այլ կետերի վրա, ինչպիսիք են Ուկրաինայում ազգային համապարփակ երկխոսություն սկսելը, երկրի ապակենտրոնացմումը, ինչպես նաև ռուսաց լեզվին վերաբերող համաձայնության հարցը: ՌԴ արտգործնախարարը շատ հստակ ասաց, որ իրենց ամերիկացի գործընկերը Ռուսաստանին հավաստիացրել են, որ այդ ազգային համապարփակ երկխոսության միջոցով մեկնարկելու է նոր սահմանադրության մշակման գործընթացը:
Այսօր արդեն բոլորը, թե´ բանակցությունների անմիջական կողմերը, թե´ միջազգային հանրության առավել ծանրակշիռ դերակատարները, հանդես են գալիս հայտարարություններով ի պաշտպանություն Ժնևյան համաձայնագրերի: Բոլորը հույս են հայտնում, որ դրանք ամբողջությամբ կիրականացվեն և խոստանում են հետևել գործընթացին ամենայն բծախնդրությամբ և ուշադրությամբ: Դե ինչ եկեք մենք էլ մեր համեստ հնարավորություններով հետևենք գործընթացին և տեսնենք, թե ինչ վերջնական արդյունքի կհանգեցնեն երեկվա բանակցությունները: Մեծ հաշվով, կա´մ ճգնաժամի շուրջ լարվածությունը գնալով կթուլանա' ելնելով համաձայնագրերի պատշաճ իրականացման տրամաբանությունից, կա´մ էլ ճգնաժամն ավելի կխորանա, քանի որ համաձայնագրերի իրականացումն այդպես էլ չի իրականացվի' ելնելով որոշ դրույթների ընդհանրական ձևակերպումներից և դրանց կատարման անորոշ քայլերից:
Կարճ ասած կուրախանանք այն ժամանակ, երբ այս համձայնագիրը կյանքի կկոչվի և դրանից գոհ կմնան բոլոր կողմերը, կամ էլ գոհ չի մնա ոչ մի կողմ, բայց այն այնուամենայնիվ կիրականացվի: Ի վերջո փոխզիջման ճանապարհով ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստը ոչ թե բոլորին գոհացնելն է, այլ բոլորի համար քիչ թե շատ ընդունելի տարբերկ գտնելը: Հուսանք, որ հենց այս տրամաբանությամբ էլ Ուկրաինական ճգնաժամն ի վերջո կհանգուցալուծվի:
Հայկ Թամրազյան