Այսօր, երբ բոլոր եզդիներս ինչպես սուրբ Լալեշում, այնպես էլ Հայաստանում և աշխարհի այլ երկրներում մեծ շուքով նշեցինք Տարեմուտի Կարմիր Չորեքշաբթին (Նոր Տարին) կամ Մալաքե Թաուսի տոնը, ի զարմանս ինձ համացանցում այս նյութին հանդիպեցի, որում <> ՀԿ-ի նախագահ Սաիդ Ավդալյանը անամոթաբար հայտարարում է, թե այս տոնը մեր նոր տարին չէ, և որ եզդիների նոր տարին նշվում է մարտ ամսին: Չգիտեմ ով կամ ինչն է Սաիդ Ավդալյանին իրավունք տվել խոսել եզդիներիս անունից, բայց ի պատասխան և ի գիտություն այս երիտասարի ուզում եմ ասել, որ, նախ՝ մարտ ամսին նշվող տոնը դա մուսուլմանական աշխարհում և հատկապես քրդերի մոտ ընդունված Նովրուզի տոնն է և, բնականաբար, այն ոչ մի առնչություն չի կարող ունենալ մեր ազգային այս տոնի հետ, և երկրորդ՝ կարծում եմ գեղեցիկ չէ փորձել ամենագիտուն ձևանալ, առավել ևս՝ երբ դա անելու բացարձակ անհրաժեշտություն չկա: Ի վերջո կան բաներ, որոնք հասկանալու, ընկալելու համար պարտադիր չէ գիտուն լինել կամ ձևանալ այդպիսին: Իսկ մեր ազգային այս տոնի էությունն ու բովանդակությունը տոնի հենց անվանման մեջ է պարզաբանվում և ամենևին դժվար չէ հասկանալը, որ Տարեմուտի Չորեքշաբթին դա տարվա վերջին չորեքշաբթին է, այսինքն՝ տարին ավարտվում է դրանով և սկսվում է նոր տարին: Եվ երբ ողջ աշխարհում, սկսած Իրաքից և վերջացրած Հայաստանով ու այլ երկրներով տոնում են այս տոնը իբրև Նոր Տարվա գալուստ, այս տոնի հետ կապված այլ կարգի մեկնաբանություններ անելը և այն այլ կերպով ներկայացնելը կամ տգիտության դրսևորում է, կամ հակազգային ինչ-ինչ նպատակների հետապնդում…

Կից նյութը այստեղ

 

Մրազ Ազիզի