Ուկրաինայի ճգնաժամի խորացման ֆոնին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դիմել էր ՄԱԿ-ին, որպեսզի այդ համաշխարհային կառույցը Ուկրաինայի հետ համատեղ խաղաղապահ առաքելություն իրականացնի այդ երկրի արևելյան շրջաններում: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պատասխանը չուշացավ:
Մեքսիակական «Ռեֆորմա» պարբերականին տված հարցազրույցում, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել է, որ ներկայումս դրա հնարավորություններն ինքը չի տեսնում: Վերջինս մասնավորապես ասել է, թե «կապույտ սաղավարտավորներին» տարածաշրջան ուղարկեելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ, առանց որի ինքն անձամբ ոչինչ անել չի կարող:
Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատ ստանալու համար անհրաժեշտ է, որ այդ խորհրդի բոլոր մշտական անդամները, եթե ոչ կողմ, ապա առնվազն ձեռնպահ քվեարկեն, քանի որ այդ երկրներից ցանկացածն ունի վետո կիրառելու իրավքունք, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանն ի դեմս այդ երկրի արտգործնախարարի շատ հստակ դեմ է արտահայտվել Կիևի այդ նախաձեռնությանը, ապա դժվար չէ պատկերացնել, որ Անվստանգության խորհրդից այդ առումով մանդատ ստանալու հեռանկար գոյություն չունի:
Տեսեք այս խնդիրը շատ հստակ ցույց է տալիս, որ այսօրվա դրությամբ համաշխարհային քաղաքական համակարգը որպես այդպիսին արդյունավետ չի գործում: Մենք սրանում անխոս ավելի վաղ էլ էինք համոզվել: Ի վերջո անցած 20 տարիներին Արևմուտքն էր գործում միանձնյա և շատ անգամ թքած ունենալով միջազգային հանրության կարծիքի վրա: Այժմ, միակ տարբերությունն այն է, որ դերակատարներն են ավելանում: Սա լավ նշան չէ: Փաստորեն ստացվում է այնպես, որ ՄԱԿ-ի հինգ մշտական անդամներից որևէ մեկը, իր շահերից ելնելով, կարող է ցանկացած պահի կաթվածահար անել միջազգային հանրության գործունեությունը: Սա ինչ խոսք շատ վատ է, բայց ինչպես Չերչիլն էր ժողովրդավարության մասին ասում, որ այն վատ համակարգ է, բայց ավելի լավը մարդկությունը դեռ չի ստեծել, նույնը կարելի է ասել ներկայիս համաշխարհային քաղաքական համակարգի մասին: Այն իրոք անթերի չէ, բայց ունենք այն ինչ ունենք և դրան այլընտրանք առայժմ չկա:
Ինչևէ, վերադառնալով բուն թեմային' պետք է նշել, որ Կիևը կարող է մոռանալ միջազգային խաղաղապահ զորքերի մասին: Կարճ ասած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ձեռքերը լվանում է' հասկանալով որ տվյալ խնդրի լուծումը, կամ էլ դրան իր անմիջական ներգրավվածությունն իր ուժերից վեր է: Սա ավելի մեծ կալիբրի խնդիր է, որպեսզի այդ կառույցը կառողանա գործել համատեղ և համաձայնեցված:

 

Հայկ Թամրազյան