Ներածություն
Ներկայիս հարափոփոխ աշխարհի մեջ վերստին առարկայական են դառնում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կայսերապաշտություն, կայսերապետական նկրտումներ և այլն: Ընդ որում, խոսքը ոչ միայն զուտ եզրաբանական հասկացողութենական մակարդակի մասին է, այլև առօրյա բառապաշարի, որին կարող ենք հանդիպել ամենօրյա ԶԼՄ-ների լրահոսում: Այս ֆոնի վրա հիմնական կիրառությունը հիշյալ բառերը գտնում են քաղաքական վերլուծական հրապարակումներում, երբ քննության են առնվում ասենք Ռուսաստան-ԱՄՆ կամ Ռուսաստան-ԵՄ առճակատումը: Առհասարակ նման դեպքերում արդեն մասնագետների ուշադրությունը սկսում է կենտրոնանալ ոչ միայն կոնկրետ տվյալ պահի դեպքի կամ իրադարձության վրա, այլ նաև ավելի խորը շերտերի, ընդհուպ մինչև ասենք օրինակ եվրոպական ամերիկյան կամ ռուսական պատմական փորձառության վերլուծության, քանի որ ներկայիս շատ իրադարձություններ ուղղակի շարունակությունն են արդեն իսկ ժամանակի հոլովույթի մեջ տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես օրինակ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը մի շարք նշանավոր կոնֆլկտոլոգների կարծիքով այլ բան չէ, քան ժամանակի' հրեա-փղշտացիական պատերազմները, որոնք ներկայացված են նաև Աստվածաշնչի մեջ: Այսօր էլ խոսելով օրինակ այն բացառիկ օժանդակության մասին, որը վայելում է ՌԴ ներկայիս նախագահն իր ժողովրդի կողմից, ակամա հարց է առաջանում, թե ինչով է սա պայմանավորված, պատմական ինչ շերտերի ուսումնասիրություն է անհրաժեշտ իրականացնել' հասկանալու համար թե ռուս շարքային միջին վիճակագրական մարդու համար ասենք ով է իր երկրի նախագահը ամենապարզ ու տարրական սահմանմամբ' առանց ներկայիս ձևակերպումների մեջ խորամուխ լինելու: Ներկայիս մեր վերլուծությունն էլ փորձ է ուսումնասիրելու, թե ինչպիսին են իշխանությունների պատկերացումները ներկայիս Ռուսաստանում, ինչ պատմական զարգացում է այն անցել և ինչ ժառանգության վրա է այն հիմնված:
Ընդհանրապես բոլոր պատմաբաններն էլ գրեթե համակարծիք են այն հարցում, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ողջ Եվրոպայի քաղաքական ու իրավական պատմությունը շատ հարցերում պայմանավորվում էր քրիստոնեական կրոնական ընկալումների և իրողությունների հետ: Այսպես օրինակ, Գերագույն տիրակալի' Հիսուս Քրիստոսի տեղապահի մասին քրիստոնեական վարդապետական հայեցակետը, որ իր մեջ միավորում էր աշխարհիկ տիրակալի ու կրոնական փրկիչ-առաջնորդի գաղափարներն ու գործառույթները, վճռորոշ ազդեցություն են ունեցել' ազդելով ինչպես եվրոպական, այնպես էլ ռուսական պատմության վրա: Ուստիև նախ և առաջ հասկանալու համար իշխանության ընկալումը ու մեկնաբանության կերպը ռուսական տարբերակով կամ եվրոպական տարբերակով, կամա կամ ակամա մեզ ստիպում է նախ անդրադառնալ ու հասկանալ, թե ինչպիսին է իշխանության քրիստոնեական ընկալումը, րտեղից էլ կսկսենք մեր ուսումնասիրությունը:

 

 

Հարություն Հարությունյան