Երեկ հայտնի դարձավ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձեւը, որը կոչ է անում Սենատին հարգել հանցագործության հիշատակը: Անկասկած, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի դերակատարությունը այս հարցում մեծ է, սակայն հարկ է նշել նաև ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք դրդում են ԱՄՆ-ին ճնշումների լեզվով խոսել իր վաղեմի գործընկեր Թուրքիայի հետ: Շանհայան համագործակցության կազմակերպությունում Թուրքիան ունի դիտորդի կարգավիճակ և անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ իր երկիրը ցանկանում է դառնալ Շանհայան համագործակցության կազմակերպության անդամ, իսկ հետագայում նաև ցանկություն ունի պայմանագիր կնքելու եվրասիական միության երկրների հետ ազատ առևտրի իրականացման վերաբերյալ: Այդ ցանկությանը ի պատասխան, Վ. Պուտինը դրական արձագանքեց: Ուստի, դատելով Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները, ԱՄՆ-ն, օգտագործելով հայոց ցեղասպանության հարցը, փորձում է զսպել Թուրքիայի մերձեցումը մրցակից աշխարհաքաղաքական բևեռի հետ:
Սասուն Բաղինյան