Ռուսաստանի պահվածքը զարմանալի կամ անհասկանալի որևէ բան չի պարունակում՝ այդ երկրի քաղաքականությունն այսօր ուղղված է Հարավային Կովկասում իր երբեմնի ռազմաքաղաքական դիրքերի վերականգնմանը: Այդ իսկ պատճառով ռուսները ոչ թե ընտրություն են անելու մեր կամ Ադրբեջանի միջև, այլ ձգտելու են պատշաճ կամ լիակատար վերահսկողություն սահմանել տարածաշրջանի երկրների նկատմամբ և, առաջին հերթին, դա վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին: Այսօրինակ վարվելակերպը ռուսական նորամուծություն չէ՝ համարժեք մոդել է ՆԱՏՕ-ի անդամներ Թուրքիայի և Հունաստանի հանդեպ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը՝ այդ գերտերությունը տարիներ շարունակ հսկայական միջոցներ է տրամադրում միմյանց ախոյան այս երկրներին, սպառազինություններ ձեռք բերելու համար: Հարևան պետությունների թշնամանքն իսկական նվեր է այլոց համար, քանի որ հնարավորություն է տալիս օտարներին իրենց համար շահավետ կերպով օգտագործել ուրիշների միջև ծագած հակամարտությունը: Մեր իշխանություններն ու խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը հավան է այս իրավիճակին և անմիջականորեն հնարավորինս աջակցել է դրա ձևավորմանը նախկինում ու շարունակելու է դա անել նաև առաջիկայում:

 

 

Արման Մելիքյան