Նոր կառավարության կազմում հայտնվելու որոշ կուսակցականների ախորժակը արդեն շոշափելի է: Երբ այս կամ այն գործչին հարցնում են' «կուզենայիք ձեզ տեսնել նոր կառավարության կազմում»' առանց ավելորդ տեղը շոյվելու, օրինակ ասում են դե դեռ բան չեն առաջարկել, բայց եթե լինի այո, ինչու ոչ, պատրաստ եմ և...: Հետաքրքիր է, ինչից ելնելով են պատրաստ: Նախարարական պորտֆելների գրավչությանը չդիմանալուց, թե՞ ինչ-որ տնտեսական հրաշքների մասին նոր հայտնագործություններ են արել: Անտրամաբանական է, երբ տարիներով համակարգի տարբեր օղակներում աշխատած, էս տեղից էն տեղը գնացած, մի կուսակցությունից մյուսը տրանսֆորմացված, ընդդիմադիրց պրո դարձած մարդը իրեն տեսնի այն կառավարության կազմում, որը ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ պետք է փոխի: Ստացվում է, որ երբ ներսում' ես պատասխանատվություն չես կրում, իսկ երբ դրսում ես' դառնում ես պատասխանատվության ջատագով: Ընդ որում' այդ կատեգորիայի մարդիկ մտքեր են արտահայտում «ազգային համաձայնության» կառավարության մասին' բնականաբար իրենց տեսնելով դրա շարքերում: Բայց այս մարդիկ մոռանում են մի կարևոր բանի մասին. «ազգային համաձայնության» կառավարությունները որպես կանոն տեխնոկրատներից են բաղկացած լինում' հետևաբար հիմքում ոչ թե էս կուսակցությունից մյուսը գնալու վարպետությունն է լինում, այլ մասնագիտական վարպետությունը, իսկ դրանով քչերն են փայլում:

 

 

Կնյազ Սարոյան